Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am

Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է` Արտյոմ Մելքումյանը:

Վերջինս տարածքի վարձակալ չէ, դիմել է «Սևան» ազգային պարկ անտառմաքրման աշխատանքներ իրականացնելու խնդրանքով, ինչից հետո տարածքում հայտնվել է ինքնակամ կառուցված ապօրինի մետաղական կոնստրուկցիա: Այս մասին հայտնում է  Hetq.am-ը: 

 

Երբ լրատվամիջոցը զանգահարել է  լողափի ֆեյսբուքյան էջում տեղադրված հեռախոսահամարով ու ներկայացել որպես տարածքով հետաքրքրված անձ, ով ցանկանում է խոսել տնօրենի հետ,  կապ է  հաստատել Արտյոմ Մելքումյան անունով անձը` ներկայանալով որպես տնօրեն և հաճախակի կրկնելով, որ «ամեն ինչ իր անունով է»: Մելքումյանը պատմել է, որ դիմել է «Սևան» ազգային պարկ` տարածքը բարեկարգելու համար, որն ի սկզբանե եղել է ճահճապատ, այժմ բիզնես է անում, հարկերը` վճարում:

 

Նշենք, որ օրենքի համաձայն, եթե վարձակալն իր հերթին մեկ այլ անձի կամ ընկերության տարածք է վարձակալության տալիս (ենթավարձակալություն), ապա պետք է կնքվի ենթավարձակալության պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրերը, ըստ էության, կարող են չարտացոլվել «Սևան» ազգային պարկի արխիվում, սակայն այն չի կարող չլինել կադաստրային գործում:

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` տարածքի միակ վարձակալը Ռուբեն Չախմախչյանն է, որն ունի հողամասի կառուցապատման իրավունք, չկա ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք:

Եւ այսպես,լրատվամիջոցի զրուցակիցը հարցերին ի պատասխան, թե ումից է վարձակալել տարածքը, որքան գումար է վճարում և այլն, միայն ասել է, որ տարածքի փաստացի օգտագործողն ինքն է, ամեն ինչ իր անվամբ է, դիմել է «Սևան» ազգային պարկ և ունի օգտագործման թույլտվություն: Մելքումյանը, սակայն, հրաժարվեց իր խոսքով` բարեկարգման համար թույլտվության պայմանագիրը մեզ տրամադրել, ասելով` դիմեք ազգային պարկ:

 

«Ես ոչ մեկից ոչ վարձակալել եմ, ոչ էլ վարձով տվել, դիմել եմ, ինձ թույլատրել են, մաքրել եմ էդ ափը, բարեկարգել եմ, խնդիրն ինչո՞ւմն է»,- ասել է նա` հավելելով, որ շատ զբաղված է և չի կարող պայմանագիր ուղարկել:

Լրատվամիջոցի երթական հարցմանն ի պատասխան «Սևան» ազգային պարկից հայտնել են, որ Արտոմ Մելքումյանը 2020 թվականի մայիսի 23-ին դիմել է «Սևան» ազգային պարկ և խնդրել թույլ տալ անտառմաքրման աշխատանքներ իրականացնել Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասի առաջին պահաբաժնի 9-րդ քառակուսում: «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը Արտյոմ Մելքումյանի հետ մայիսի 27-ին կնքել է «Սևանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագիր»: ՊՈԱԿ-ի աշխատակիցները մաքրման աշխատանքներից հետո նույն տարածքում հայտնաբերել են ինքնակամ ապօրինի տեղադրված մետաղական կոնստրուկցիա, իսկ մաքրման տարածքին հարակից տարածքում` փայտյա շարժական տնակներ, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Այն ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարություն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

 

Արտյոմ Մելքումյանը, որը Հայկ և Նաիրի Սարգսյանների հետ մտերիմ հարաբերություններ ունի, նախ հրաժարվեց այդ կապից, ապա երբ լրատվամիջոցը ասել է, որ բազմաթիվ նկարներ կան այդ մտերմությունը հավաստող, ասել է, որ Հայկի հետ վաղեմի ընկերներ են եղել, սակայն այժմ չեն շփվում: Երբ հիշեցրել են, որ օրեր առաջ Հայկ Սարգսյանը «Սպիտակ Շորժա» հանգստի գոտում էր, մասնակցում էր խնջույքին, որի մասին բազմաթիվ ԶԼՄ-ներ գրել են, ավելին` եղել է անգամ լողափի աշխատանքային համակարգչի դիմաց, Մելքումյանն ասաց, որ Հայկ Սարգսյանը իր հյուրն է եղել, դրա համար էլ մոտեցել է համակարգչին:

 

Մանրամասները  Hetq.am  սկզբնաղբյուր կայքում.