ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես նրանք, այնպես էլ այս «մեղադրանքը» հոդս է ցնդելու. Վանեցյան

Ինձ ԱԱԾ հրավիրել էին մի անհեթեթ գործի շրջանակներում, որեւէ կարգավիճակ չունեմ: Այս մասին, այսօր  ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրել են բացատրություն տալու համար: Ուզում եմ նշել, որ որեւէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը ներկայացել եմ եւ հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց:

Իրականում ոչնչի մասին է այդ գործը, հերթական շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող գործ է, որը վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ իմ նկատմամբ իրականացնել որեւէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը:

Շատ լավ գիտեք, որ մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որեւէ մեկը չի հաստատել: Ինչպես նրանք, այնպես էլ այս «մեղադրանքը» հոդս է ցնդելու»,-ասաց նա:

Անդրադառնալով այն լուրերին, թե Վանեցյանը հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ նախկին ԱԱԾ պետը ասաց. 

«Արդեն հերքվել է տեղեկատվությունը, որ հանդիպում եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց ես չեմ բացառում, որ առաջիկայում լինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում կարող է լինել եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»: 

Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ինքը մեղադրում էր նախկին իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին կոռուպցիայի մեջ թաղված լինելու, ահմանադրական կարգը տապալելու մեջ, Վանեցյանն արձագանքեց. «Այդ հարցը տեղին չէ, քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի ու անձանց հետ»:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ չի բացառում, որ ժողովուրդը երկրորդ անգամ փողոց փակելով կարող է իշխանություն փոխել, արդյոք ժողովուրդը կհամախմբվի՞ ընդդիմւթյան շուրջ եւ գնա այդպիսի քայլի, Վանեցյանն արձագանքեց. «Միանշանակ ես համոզված եմ, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, որոնց ընթացքում մենք կտեսնենք այն զարգացումները, որոնք կլինեն: Իրականում, երկիրը գտնվում է շատ բարդ, ծանրագույն իրավիճակում: Իշխանությունները ձախողել են բլոր ուղղություններով իրենց աշխատանքները: Մենք կանգնած ենք առողջապահական ճգնաժամի, տնտեսական ճգնաժամի առջեւ եւ էլի շատ խնդիրներ, որ կան մեր երկրում: Այսօր այդ հարցերը կարգավորելու փոխարեն իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու գործով են զբաղված»:

 

Մանրամասները տեսանյութում. 

 

Քաղաքականություն

Պատահարներ