36-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել. նա ձերբակալման վայրից փախուստի փորձ է կատարել
2020 թվականի հուլիսի 26-ին Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, 29-ամյա կնոջից վերցվել է բացատրություն, էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Վանաձորի 29-ամյա բնակչուհին ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ 36 տարեկան: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ 29-ամյա կնոջ կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:
Բացի այդ, 36-ամյա տղամարդը, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարչական շենքից ձերբակալված անձանց պահման վայր տեղափոխվելու ժամանակ, փորձել է դիմել փախուստի, սակայն նրան ուղեկցող ոստիկանության ծառայողների կողմից կանխվել է նրա փախուստը:
Ձերբակալված անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասով և 34-355-րդ հոդվածի (ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի փորձ) 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է նաև դատագենետիկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...