Ապամոնտաժման պահին 5-ից 3 գրատնակում առկա էր 5.000.000 դրամ ընդհանուր արժողությամբ գրքեր, համակարգիչներ. Մանուկ Նիգոյան

Ապամոնտաժման պահին 5-ից 3 գրատնակում արդեն առկա էր 5.000.000 դրամ ընդհանուր արժողությամբ գրքեր, համակարգիչներ` գրքերի վաճառքի համապատասխան ծրագրային ապահովմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը:

Նիգոյանը, մասնավորապես, գրել է.

«Քանի որ Գրատնակների և ցավոք դրանց ապամոնտաժման շուրջ կամա թե ակամա առանցքային մասնակցություն եմ ունեցել ու այս օրերին փորձել եմ լրատվամիջոցներին հայտնել բոլոր այն տեղեկությունները, որոնք համարել եմ հավաստի ու հրապարակման, նաև հանրային իրազեկման ենթակա, հիմա ուզում եմ որպես այդ պատմության վերջնական ամփոփում ասել հետևյալը.

Երևանում Գրատնակները գեղեցիկ և ինտելեկտուալ ներկայություն էին, ու չնայած շնորհակալ եմ իմ ընկեր Նուռին այս անինտելեկտ ու բացօթյա տոնավաճառի վերածված քաղաքում փոքրիկ գրքային ներկայություն ստեղծելու համար, բայց նաև չեմ կարող հերքել տեղակայման վայրերի և ճանապարհային երթևեկության կանոնների համար վտանգ պարունակելու մասին քաղաքային իշխանության թմբկահարած փաստերը` չնայած հաստատել նույնպես չեմ կարող: Գրատնակներն այո՛, տևական ժամանակ շեղվել են իրենց բուն առաքելությունից, և ծառայել որպես հեռախոսների ու աքսեսուարների կրպակներ, դրանով վիրավորելով և՛ այս քաղաքում ապրող մարդկանց, և՛ այն գրողներին ու հրատարակիչներին որոնց մեկ տասնյակ գրքերը նվաստացուցիչ կերպով նետվել էին գրապահարանների միայն վերին, անտեսանելի դարակներում, և՛ Նուռին, ով ջանք ու երևակայություն չէր խնայել ստեղծելու այնպիսի արտաքին տեսք ունեցող տաղավար, որում գործնականում անհնար պիտի լիներ գրքից բացի այլ բանի վաճառքը:

ԲԱՅՑ. ուզում եմ հայտնել կարևոր հանգամանք` Գրատնակների ապամոնտաժումից շաբաթներ առաջ, ընկերոջս պատկանող ձեռնարկությունը վարձակալական պայմանագիր էր կնքել Գրատնակների սեփականատեր հանդսիացող կազմակերպության հետ, և տնակներին վերադարձնում էր իր սկզբնական, բուն առաքելությանը, և դրանց ապամոնտաժման պահին 5-ից 3 Գրատնակում արդեն առկա էր 5.000.000 դրամ ընդհանուր արժողությամբ գրքեր, համակարգիչներ` գրքերի վաճառքի համապատասխան ծրագրային ապահովմամբ:Հետևաբար Գրատնակների, քաղաքային իշխանության և հավանաբար նաև իմ ոչ բավարար ջանք ներդնելու պատճառով վիժեցվեց Գրատնակների բովանդակության վերականգման և դրանցում գրքերի վաճառքի կազմակերպման փաստորեն վերջին փորձը:
Այսպիսով` չնայած ապամոնտաժման պահին քաղաքային իշխանությունների հետ իմ երկարատև հեռախոսազրույցների, քննարկումների, առաջարկների ու նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչների պատրաստակամության, ցավոք հնարավոր չեղավ կանխել Գրատնակների մասնատումը և ապահովվել գոնե դրանց ամբողջակամ տեղափոխումը թեկուզ ՀՀ մարզկենտրոններ, որոնց մեծ մասում չկան գրախանութներ»:

Քաղաքականություն

Պատահարներ