Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ վարչական տույժ կիրառել

 

2020 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է  Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:

 

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում   չի  հայտարարագրել իր եկամուտները:

 

Ի պատասխան Հանձնաժողովի՝ բացատրություններ ներկայացնելու խնդրանքին՝

 

Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ իր կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը՝ պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր լրացման ենթակա  և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք։ Այդ հիմքով Զարուհի Բաթոյանը  խնդրել է իր եկամուտները չհայտարարագրելը դիտարկել որպես զուտ  տեխնիկական բացթողում և թույլատրել 2018 թվականի  տարեկան հայտարարագրում կատարել ուղղում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում նշել  7 515 233 ՀՀ դրամ։

 

Այնուամենայնիվ, Հանձնաժողովը վերահաստատել է, որ  հայտարարագրման ենթակա տվյալները հայտարարագրելիս բոլոր դաշտերը, առանց որևէ բացառության,  պարտադիր են ենթակա են լրացման:

 

Տուգանքը վճարելուց հետո Զարուհի Բաթոյանին տրամադրվելու է  7 աշխատանքային օր՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձնաց 2018 թվականի տարեկան հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում  համապատասխան ուղղում կատարելու համար:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
 

Քաղաքականություն

Պատահարներ