«Ֆուդ սիթիի» խնդիրը չի լուծվել բայց մթերքով բեռնված և արգելափակված բեռնատար չկա. դեսպան Տողանյան

Ռուսաստանում գործող ադրբեջանական շուկայից` «Ֆուդ սիթիից», հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարների «վտարման» հարցով հանդիպումներ է եղել շուկայում աշխատող ավելի քան 20 գործարարի հետ, որոնք խնդիրը լուծելու ծրագրեր ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայկական գյուղմթերքի խնդրի լուծման առնչությամբ մանրամասներ է հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։


Հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններից բացի, ադրբեջանցիներն օրեր առաջ հայերի դեմ «ծիրանային պատերազմ» սկսեցին Մոսկվայում։ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթիից», կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները, սակայն հաջորդ օրը Ռուսաստանի հայերն արագ հավաքվել էին Մոսկվայում և գնել բոլոր ծիրանները։ Հետո արդեն վաճառականներին հայ գործարարները տեղեր առաջարկեցին իրենց առևտրի կենտրոններում։

 

«Մենք ակտիվ խոսել ենք այդ հարցի շուրջ, հատկապես` ռուսական մեդիաշրջանակներում։ Իրականում Մոսկվայի կառավարության հետ ակտիվ շփումների մեջ ենք, այսինքն` այդ կապը հաստատված է։ Խնդիրը, որը ծագել էր ուրբաթ օրը` արգելափակված բեռնատարների առնչությամբ, շաբաթ օրն իսկ լուծվել է։ Այս պահին արգելափակված բեռնատարներ չկան»,–ասել է Տողանյանը։

 

Նրա խոսքով` չկա նաև Հայաստանի գյուղմթերքների տարածման խնդիր` շնորհիվ հայ գործարարների, որոնք տեղ հատկացրին վաճառքն իրականացնելու համար։ Սակայն մյուս կողմից «Ֆուդ սիթիի» հետ կապված խնդիրը չի լուծվել, քանի որ հայ վարորդները բեռնատարներով ապրանք չեն կարողանում այնտեղ առաքել։ Դեսպանը հայտնեց, որ հայ վարորդներից ոմանք ինչ–որ ելք են գտել և ամեն դեպքում կարողանում են «Ֆուդ սիթիում» տեղ զբաղեցնել ու իրացնել մթերքը։ Սակայն խնդիրը վերջնական լուծում չի ստացել։

 

Տողանյանը մատնանշեց` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի շուկայում հայկական գյուղմթերքի իրացման խնդրի մասին բարձրաձայնել է նաև ԵԱՏՀ խորհրդի նիստում։ «Նման հարցադրում առաջադրել պետք էր, սակայն դրա լուծումը բարդ, բյուրոկրատական ու երկար քննարկվելիք բան է։ Այսինքն` չենք կարող ակնկալել արագ արդյունք, քանի որ այդ հարցը պետք է քննարկվի երկար ընթացակարգերով։ Հիմա քայլեր իրականացնելու կարիք ունենք, մինչև այդ գործընթացի արդյունքը կլինի»,- նշում է Տողանյանը։

 

Նա հայտնեց, որ հայկական գյուղմթերքի իրացման համար օպերատիվ հարցերն են լուծում` իրավապահ մարմիններ, Մոսկվայի կառավարության, առևտուրը կարգավորող կոմիտեների հետ քննարկումներ իրականացնելով։

 


 

 

 

Քաղաքականություն