
Մեր ուշադրության կենտրոնում են նաև կրթական հաստատությունները. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այսօր հրավիրված ճեպազրույցում տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև կրթական հաստատությունները:
«Ի հավելումն պարոն նախարարի (ԿԳՄՍ նախարար-խմբ.) ասածի՝ ասեմ, որ չնայած գտնվում ենք արձակուրդի շրջանում, բայց կրթական հաստատությունների ապաստարանները դիտարկում ենք որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ և անկախ նրանից, թե ուսումնական շրջա՞ն է, թե՞ ոչ, ապաստարանները պետք է լինեն պատրաստ՝ ընդունելու քաղաքացիների, եթե լինեն հրետակոծություններ:
Առաջիկայում կմեծացնենք լրակազմը ապաստարանների, առաջիկայում մեր մասնագետները ԱԻՆ-ի մասնագետների հետ կայցելեն և ինժեներատեխնիկական շտկումներ կանեն, որպեսզի ավելի բարելավենք, բարվոք վիճակ ունենանք: Հնարավոր է, այսօր արդեն նախնական ուսումնասիրեցինք և նախատեսում ենք նոր ապաստարանային տարածքների ստեղծում դպրոցներում և դպրոցներից դուրս»,- ասաց Տավուշի մարզպետը:
Նրա խոսքով՝ այսօր ականատես է եղել, որ համայնքները լիարժեք վերադարձել են գյուղատնտեսական աշխատանքների՝ խոտհունձ, կոմբայններն էին աշխատում դաշտերում:
«Սա նշանակում է, որ կյանքը վերադառնում է բնականոն հուն»,- ասաց նա:
Հայկ Չոբանյանի խոսքով՝ դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ այսօր Մովսես գյուղում պսակադրության արարողություն է եղել: