
Այսօր նշում է Վարդավառի տոնը․ պարետը կոչ է անում զերծ մնալ ավանդական կերպով տոնելու գայթակղությունից

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 19-ին, նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։ Վարդավառը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։
Սա շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո: Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և թերևս հայերի ամենասիրելի տոնն է եղել: Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին կիրակի օրը:
Վարդավառը ջրի տոն է և այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրում են միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյն Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց:
Ամեն դեպքում, մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը, ուր գետերի, աղբյուրների ակունքներն են: Հենց ջրի ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել:
Այս տարի ՀՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով երկրում հակահամաճարակային իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը՝ քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներին մասնակցելուց։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ կոչ է արել զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից: