ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոհ եմ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատաքից. Փաշինյան

Նախ կցանկանայի ընդհանուր գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչն արտացոլված է զեկույցում: Այս մասին  այսօր՝ հուլիսի 17-ին, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքները կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման եւ հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը եւ ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստողծման նպատակների իրականացման կարեւոր նախապայման է:

Կցանկանայի նաեւ հայտնել մեր կարծիքը Եվրասիական տնտեսական տարածքում ագրոարդյունաբերության եւ արդյունաբերականացման զարգացման քարտեզների վերաբերյալ: Մենք նպատակահարմար ենք համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաեւ նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման եւ իրագործմանն ուղղված նախագծեր:

 

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ եւ նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ Միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաեւ ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում եւ կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ:

Մեր հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի նաեւ ընդգծել հանրային առողջության եւ սանիտարահամաճարակային բարեկեցության միջոցառումների կարեւորությունը` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:

Եզրափակելով խոսքս` կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն դարձնել ԵԱՏՄ-ի սննդի անվտանգության խնդրին: Նշեմ, որ սննդի անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, եւ, որքանով ես տեղյակ եմ, այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են որոշակի նախնական աշխատանքներ ԵԱՏՄ շրջանակներում: Ավելին, 2025 ռազմավարության մեջ մենք պայմանավորվեցինք մշակել «ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ընդհանուր սկզբունքներ եւ մոտեցումներ»: Սակայն համավարակի պայմաններում այս խնդրի լուծումը դարձել է հատկապես արդիական, ուստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հանձնարարել Հանձնաժողովին երկրների հետ համատեղ մշակել եւ ներկայացնել ԵԱՏՄ սննդի անվտանգության դոկտրինա (հայեցակարգ):

 

Նշենք, որ Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցել են նաեւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Կուբատբեկ Բորոնովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առեւտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման եւ այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությունում «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացմանը եւ պիտակավորման համակարգի հետագա զարգացմանը, առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագրին` Միության երկրներում կորոնավիրուսի եւ այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով:

Քննարկվել են նաեւ ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման եւ միության արդյունաբերականացման քարտեզները:

 

Վերջին 2  նախագծերն էլ նախատեսում են խոշոր ծրագրերի վերաբերյալ շարունակական տեղեկատվության ստացում, ինչը Միության գործընկերներին հնարավորություն կտա վերացնել արտադրության կրկնօրինակումը, հաշվի առնել զարգացման միտումները եւ արդյունավետորեն օգտագործել միմյանց հնարավորությունները` զարգացման ազգային եւ  ներդրումային ծրագրեր մշակելիս:

Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաեւ նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:

Քաղաքականություն