Սփյուռքը պատրաստ է իր հնարավորությունների ողջ ընդգրկմամբ կանգնել հայրենիքի և Հայկական բանակի կողքին. Զարեհ Սինանյան
Այս օրերին, երբ Ադրբեջանի հայատյաց իշխանությունը կրկին դիմում է զենքի ուժի, վտանգում է հայ ժողովրդի բնօրրանն ու միակ ապաստարան հանդիսացող Հասաստանի սահմանները, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխարհի տարբեր հայկական համայնքներից զորակցության բազմաթիվ կոչեր է ստանում: Հայակական սփյուռքը պատրաստ է իր հնարավորությունների ողջ ընդգրկմամբ կանգնել հայրենիքի և Հայկական բանակի կողքին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հայտնելով սփյուռքի հայրենակիցներին, որ հայկական բանակը լիարժեք տիրապետութմ է իրավիճակին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Հուլիսի 12-ի կեսօրից ի վեր ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարը, ձեռնարկել են մի շարք ռազմական լայնածավալ գործողություններ ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ: Գործողությունները ցայսօր ուղեկցվում են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով, հատուկ նշանակության զորքերի, հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության թիրախավորմամբ: Հայկական բանակի գրագետ և զգոն գործողությունների շնորհիվ ադրբեջանական զինված ուժերն ունեցել են բազմաթիվ մարդկային կորուստներ, խոցվել է հակառակորդի բանակի թանկարժեք ռազմատեխնիկա: Մեր զինված ուժերի պատժիչ գործողությունների արդյունքում հայկական կողմն արձանագրել է շոշափելի դիրքային առաջխաղացում։ Ցավոք, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում տեղի ունեցող մարտերի ընթացքում հերոսաբար նահատակվել են Հայոց բանակի 4 զինծառայողներ:
Այս օրերին, երբ Ադրբեջանի հայատյաց իշխանությունը կրկին դիմում է զենքի ուժի, վտանգում է հայ ժողովրդի բնօրրանն ու միակ ապաստարան հանդիսացող Հասաստանի սահմանները, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխարհի տարբեր հայկական համայնքներից զորակցության բազմաթիվ կոչեր է ստանում: Հայակական սփյուռքը պատրաստ է իր հնարավորությունների ողջ ընդգրկմամբ կանգնել հայրենիքի և Հայկական բանակի կողքին:
Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,
Հայկական զինված ուժերն այս պահին լիարժեքորեն տիրապետում են իրավիճակին, և կասկածից վեր է, որ մեր սահմաններն անառիկ են, իսկ մեր բանակը՝ մարտունակ: Մեր նպատակը խաղաղությունն է, սակայն այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, և թշնամու ցանկացած ոտնձգություն ստացել և ստանալու է համապատասխան և հուժկու հակահարված: Գիտենք, որ հայկական սփյուռքն իր մեծ ազդեցությամբ և հսկայական ներուժով հայրենիքի պաշտպանի թիկունքին է: Այժմ ամենակարևորը մեր արդար ձայնը միջազգային հանրությանը հասցնելը և ադրբեջանական անօրինական գործողություններին համապատասխան գնահատական պահանջելն է:
Սփյուռքի մեր հայկական լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել բացառապես պաշտոնական լրատվություն:
Աներկբա է, որ հայ ժողովուրդը կրկին համախմբված է մեկ միասնական գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Միասին մենք անհաղթ ենք»: