Գյումրիում դիտվեց աննախադեպ երևույթ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում
Օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ հուլիսի 13-ին Գյումրիում 1 ժամվա ընթացքում թափվել է աննախադեպ քանակությամբ տեղումներ:
«Ըստ բազմամյա կլիմայական առանձնահատկությունների հուլիս ամսին Հայաստանի տարածքում եղանակային պայմանները կայունանում են, ցիկլոնային գործունեությունը դադարում է։ Մեր տարածաշրջանում տիրապետող են դառնում արևադարձային լայնություններից ներթափանցող չոր և տաք օդային հոսանքները, որոնք ձևավորում են շոգ և չոր եղանակներ։ Սակայն առանձին տարիներին այդ օրինաչափությունը խախտվում է։
Վերջին 5 օրերին պայմանավորված Սև ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցությամբ հանրապետության տարբեր հատվածներում դիտվել են հորդառատ անձրևներ, ուղեկցվելով ամպրոպներով և քամու ուժգնացմամբ, առանձին հատվածներում նաև տեղացել է կարկուտ։
Հուլիսի 13-ի ցերեկը՝ ժամը 16։00-17։00 ընկած ժամանակահատվածում, Գյումրիում դիտվեց աննախադեպ երևույթ, երբ 1 ժամվա ընթացքում տեղաց խիստ հորդառատ անձրև և երկարատաև կարկուտ։ Տեղումների քանակը 1 ժամվա ընթացքում կազմեց 81մմ, որը ամսական նորմայի կրկնակին է։
Դիտված ինտենսիվ անձրևի և կարկտի առաջացման պատճառը հետևայլան է․
Հուլիսի 13-ին ՀՀ տարածքը գտնվել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որի ամպամածության գոտին տեսանելի է արբանյակային լուսանակարի վրա։ Ցերեկը՝ ժամը 15։00 դրությամբ, ՀՀ-ից դեպի արևմուտք նկատվել է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացում։
Օդերևութաբանական ռադարի վրա ցերեկը՝ ժամը 15։00 տվյալներով, նկատվում են հզոր ամպրոպային ամպեր, որոնք գտնվում են Շիրակից հարավ և հարավ-արևմուտք։ Այդ ամպերի ուղղաձիգ հզորությունը հասնում է 12-14 կմ-ի և ունեն 50դբզ անդրադարցման մակարդակ, ինչը ցույց է տալիս, որ այդ գոյացությունները գերհզոր կարկտի և անձրևի կուտակումներ են։
Քանի որ 5000-7000մ բարձրությունների վրա, որտեղ գտնվում են այդ ամպերի հիմնական զանգվածները առկա են եղել հարավային և հարավ-արևմտյան հոսանքներ, դրանք ժամը 16։00 սահմաններում հասել են Շիրակ, իսկ ամենակտիվ գոտում հայտնվել է Գյումրին, որտեղ թափվել է աննախադեպ քանակի անձրև և կարկուտ։
Առատ տեղումների պատճառով Գյումրի քաղաքում առաջացել են մեծ հեղեղումներ, որոշ հատվածներում սելավաջրերը ծածկել են ավտոմեքենաները և լցվել բնակելի շինությունները։
Գյումրիում առաջացած հեղեղումների նկարներ»: