Ովքեր փորձում են ինձ ներկայացնել որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, չեն պատկերացնում՝ ում հետ գործ ունեն․ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է հրապարակումներին, ըստ որոնց՝ իրեն պատկանող հաստատությունում ՀԴՄ կտրոն չի տրամադրվում։

«Անկեղծ ասած, երկար մտածում էի, թե արդյոք իմաստ ունի՞ անդրադառնալ վերջին մի քանի օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվող և շահարկվող լրատվությանն առ այն, թե իբր ինձ պատկանող հաստատությունում ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, այն պարագայում, երբ ինքս տարբեր առիթներով հրապարակավ մեղադրել եմ նման վարքագիծ դրսևորող տնտեսավարողներին։ Ակտիվորեն շրջանառվում է նաև մի ավտոմեքենայի լուսանկար, որն օրենքի խախտմամբ կայանած է տվյալ սրճարանի դիմաց, որով փորձ է արվում բնութագրել ինձ՝ որպես օրինախախտ և հղփացած պաշտոնյա, ով իրեն համարում է օրենքից վեր և կայանում է ծառայողական ավտոմեքենան օրենքով չնախատեսված վայրերում։

Ավաղ նման ապատեղեկատվությանն անդրադառնալն իր մեջ պարունակում է դրանց էլ ավելի մեծ կարևորություն տալու, դրանով իսկ էլ ավելի տարածելու ռիսկեր։ Մյուս կողմից՝ չարձագանքելն իր մեջ պարունակում է հանրության գիտակցության մեջ որոշակի նստվածքի առկայություն, որը երկարաժամկետ ժամանակահատվածում ձևավավորում է աղավաղված պատկերացում տվյալ անձնավորության, պաշտոնյայի կամ երևույթի նկատմամբ։

Ըստ այդմ՝ որոշել եմ այնուամենայնիվ անդրադառնալ մեղադրանքներին հերթով և առավել հանգամանալից։

Եվ այսպես.

1. Մինչ 2018-ի մայիսյան իրադարձությունները ես զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ՝ զուգահեռ աշխատելով HSBC բանկում։ Սրճարան/ակումբը, որը հիշատակվում է շրջանառվող հոդվածում՝ հանդիսացել է ինձ պատկանող ձեռնարկությունը, որով զբաղվել եմ դեռևս 2014 թվականից։ Բնականաբար, պաշտոնի ստանձման առաջին իսկ օրվանից հաստատության գործունեությունը դադարեցվել է թե՛ ֆորմալ առումով և թե՛ փաստացի։ Այն վերագործարկվել է 2019 թվի դեկտեմբեր ամսից, իսկ ԱՁ-ն ձևակերպվել է հաստատության փաստացի կառավարիչ հանդիսացող անձի անվամբ։ Ըստ այդմ՝ ինքս ո՛չ ֆորմալ առումով և ո՛չ էլ փաստացի որևէ ներգրավվածություն չեմ ունեցել և չէի էլ կարող ունենալ դրա ընթացիկ գործունեության մեջ։ Եվ քանի որ ի սկզբանե այն ձևակերպված չի եղել որպես ՍՊԸ, հավատարմագրային կառավարման հանձնելու տարբերակ ևս չի եղել։ Այսքանը տվյալ հաստատության և իմ կապի մասին։ Կարծում եմ՝ այս նախաբանը կարևոր է հետագա պարզաբանումների համատեքստում։ 

Ինչպես արդեն նշեցի՝ վերաբացումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբեր ամսին։ Այս ժամկետը կարևոր է, քանի որ թվով 11 000 նորաբաց տնտեսավարողներ այդ օրերին ՀԴՄ տպող սարք ձեռք բերելու հայտ էին ներկայացրել ՊԵԿ, որոնց Հայաստան ներկրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ նորաբաց տնտեսավարողներին թույլ կտրվի գործունեություն ծավալել առանց ՀԴՄ տպող սարքերի՝ վերահսկողությունը սահմանելով մոնիթորինգային վարչարարության միջոցով։ Նախատեսվում էր մինչ ՀԴՄ սարքերի ձեռքբերումը տնտեսավարողների գործունեության հայտարարագրերի միջոցով արձանագրել այդ ընթացքում տեղի ունեցած շրջանառությունը, որի հիման վրա կհաշվարկվեր կուտակված հարկային պարտավորությունը։

Ըստ այդմ՝ սույն հաստատությունը վերը նշված թվով 11 000 դիմումատուներից մեկն էր, որի գործունեության հետ կապված որևէ խնդիր չկար և չէր կարող լինել։ Իսկ շրջանառվող տեսահոլովակը պատրաստվել է ձմեռվա ամիսներին, երբ ՀԴՄ սարքերի դեֆիցիտ կար։ 
Իհարկե ցավում եմ, որ ստիպված եմ այսքան ժամանակ ծախսել տարատեսակ անհեթեթ մեղադրանքներին արձագանքելու համար, սակայն ինչպես արդեն նշեցի՝ անտեսելու պարագայում մեր քաղաքացիների որոշ շրջանակի մոտ կարող էր առաջանալ տարընկալում։

Հետևաբար միշտ ասել եմ և կշարունակեմ պնդել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրող տնտեսավարողներն այդ գումարի չափով գողանում են պետությունից՝ թողնելով դրանից բխող բոլոր հետևանքները Հայաստանի պաշտպանության, առողջապահության, կրթության, տարածքային զարգացման և այլ ոլորտների վրա։ Եվ այս պատասխանատվությունը պետք է կիսեն գործարքի բոլոր կողմերը հավասարապես (գնորդ, վաճառող)։

2. Ինչպես արդեն փաստեցի՝ քննարկվող հաստատությունը հանդիսացել է ընտանիքիս սեփականությունը դեռևս 2014 թվից, հետևաբար իմ այնտեղ աշխատանքային ժամից հետո պարբերական այցելությունը թերևս բացատրելի է։ Սակայն այստեղ կարևորագույն շեշտադրումը կայանում է նրանում, թե արդյոք ես աշխատանքային ժամերից դուրս՝ օգտագործելով ծառայողական մեքենա, այցելում եմ այնտեղ, ենթադրաբար վարորդին սպասեցնելով, մինչ ես կբարեհաճեմ ավարտել «սուրճս»։

Ըստ ապատեղեկատվություն տարածողների՝ հենց սրանում է կայանում խնդրի էությունը, թե հերիք չի սա ավտոն աշխատանքային ժամերից դուրս իր անձնական հաճույքների համար է օգտագործում, մի հատ էլ տեսեք, թե որտեղ է կայանում։ Նախ ասեմ, որ կայանման կանոնների խախտումը որևէ արդարացում չունի, բացառությամբ ծառայողական որոշ դեպքերի, որոնք առնչվում են կոնկրետ գործառույթ ունեցող պաշտոնատար անձանց։ Սակայն հետաքրքրականն այն է, որ աշխատանքային օրվա ավարտին պես, ինքս գրեթե միշտ անցնում եմ իմ սեփական ավտոմեքենայի օգտագործմանը կամ քայլում եմ ոտքով։

Հրապարակված նկարներն ունեն առնվազն մի քանի ամսվա վաղեմություն և արվել են լավագույն դեպքում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Ինչո՞ւ եմ նշում այս հանագամանքը։ Քանի որ ես կարողանում եմ մտաբերել ընդամենը 2-3 դեպք, երբ գործնական հանդիպումից առաջ 1-2 րոպեով մտել եմ սրճարան կոնկրետ նպատակով, որի ընթացքում ավտոմեքենան կայանված է եղել անմիջապես դիմացը և սպասել իմ ելքին։ Թերևս միանշանակ է, որ իմ բացթողումն է եղել կայանատեղիի խախտումն անուշադրության մատնելը և այս առումով ամբողջությամբ ընդունում եմ իմ մեղքի բաժինը։ Իսկ թե ով և ինչ նպատակով է այս կարճ ժամանակահատվածում «հասցրել» այն նկարել դեռևս հունվար-փետրվար ամիսներին և որոշել դրանք հրապարակել այս օրերին՝ կարող եմ կռահել։

Եվ այսպես՝ ամփոփելով վերը նկարագրված եղելությունը, ուզում եմ ասել հետևյալը.

Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել, որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, հիրավի ինձ չեն ճանաչում և չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն։ Զավեշտալին այն է, որ հաճախ իրենք լինելով «պորճիզմի» մարմնացու, փորձում են ինձ բնութագրել, որպես իրենց չիրականացված երազանքների արդյունք։ Ուղղակի հիշեցնեմ, որ այդ արժեհամակարգն ինձ օտար է այնքան, որքան ծախու լրագրողների/գործիչների համար օտար են հայրենիքի և արժանապատվության հասկացությունները։ Այս ճգնաժամային օրերին նման համակողմանի լրատվական գրոհը չի կարելի որակել այլ կերպ, քան ազգային դավաճանություն։ Վստահաբար ճգնաժամը կհաղթահարվի։ Իսկ թե դրանից հետո ով որտեղ կհայտնվի՝ ժամանակը ցույց կտա։ 

Շնորհակալություն ուշադրության համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աղաջանյանը։