Կորոնավիրուսի պատվաստանյութը հասանելի կլինի կամ 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին․ Թորոսյան
Աշխարհում կա 100-ից ավել պատվաստանյութի թեկնածու, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք: Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարն ասաց, որ ավելի հավանական է, որ 20-ը կդառնան վերջնական. «Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում՝ քիչ թվով անձանց վրա, հետո մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու է մի քանի պատվաստանյութ: Սա շատ կարևոր է երկրագնդի ամբողջ բնակչության համար»:
Թորոսյանն ասաց, որ հիմա բանակցություններ են վարվում երկու ուղղություններով, առաջինն ուղիղ արտադրողներն են. «Ես ինքս անձամբ եմ բանակցությունները վարում: Օրինակ երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության ներկայացուցչի հետ, որը կապ ունի Նուբար Աֆեյանի հետ: Այդ պատվաստանյութն ամենահավանական թեկնածուներից մեկն է:
Բանակցություններ կան նաև ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, որպեսզի հավասարաչափ բաշխում անեն:
Վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք մեծ քանակությամբ պատվաստանյութ կգնեն, նույնիսկ մինչև արտադրվելը, ինչի արդյունքում մյուս երկրներին հասանելի կլինի շատ ուշ՝ հասանելի լինելուց մեկ տարի հետո:
Տարբեր գնահատականներով այն հասանելի կլինի կամ 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին: Դա պարզ կլինի աշնանը: Բայց ընդհանուր փաստը, որ դա լինելու է, փոխելու է իրավիճակն ու մենք վերադառնալու ենք սովորական կյանքի՝ առանց դիմակներ, արդեն ուրախալի է:
Պետք է հետևել ու հետ չմնալ զարգացումներից: Արդյունքների մասին տեղյակ կպահեմ»: