Հակառուսական տրամադրությունները խիստ ձեռնտու են թուրք֊ադրբեջանական տանդեմին. Աբովյան
Ակնհայտ նկատվում է ,թե ինչպես տեղեկատվական դաշտում համառորեն գեներացվում են հակառուսական տրամադրություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Ակնհայտ նկատվում է ,թե ինչպես տեղեկատվական դաշտում համառորեն գեներացվում են հակառուսական տրամադրություններ։
Իհարկե, Հ1 Նավալնու հետ սյուժեն կարելի է նվազագույնը դասել որպես խայտառակ հակապետական քայլ, սակայն այդ մի դրվագով հակառուսական թրենդը հայկական հանրային դաշտում չի եզրափակվում։
Գաղտնիք չէ, որ արդեն շատ երկար ժամանակ Հայաստանում փորձեր են արվում մարդկանց մոտ գրգռել հակառուսական տրամադրություններ,ընդ որում` օգտագործվում են բավականին լայն տեղեկատվական ազդեցության մեխանիզմներ,սկսած` տարատեսակ «գունավոր» ՀԿ-ների ծրագրերից,վերջացրած` լայնածավալ գործակալական ցանցի ալիքաձեւ ակտիվությունից։
Հասկանալի է, որ հակառուսական տրամադրությունները խիստ ձեռնտու են թուրք֊ադրբեջանական տանդեմին, որը շատ լավ հասկանում է Հայաստանի խոցելիության մակարդակը,իսկ եթե սրան գումարենք արեւմուտքի հավերժ պայքարը Ռուսաստանի դեմ, ապա պատկերը դառնում է առավել քան հասկանալի։
Հայաստանի ինքնիշխանությունը բնավ չի նշանակում հայ-ռուսական հարաբերությունների մեջ լարվածության գեներացում, դա ճիշտ հակառակն է, գնալով հակառուսական տրենդի ետեւից` Հայաստանը հաստատ դրսեւորում է ինքնիշխանության նվազեցում, եւ դա անհերքելի է։
Եթե որոշ մարդիկ կարծում են, որ լարելով հակառուսական տրամադրություններ` բարձրացնում են Հայաստանի ինքնիշխանության մակարդակը, ապա այդ մարդիկ կա՛մ հիմար են, կա՛մ գործակալ, կա՛մ երկուսն էլ միաժամանակ։
Ա՜խր ո՞նց բացատրել դրանց, որ հասկանան իրավիճակի ողջ լրջությունը»։