Պատրաստ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն «Լոռի» թիմի անվան հետ կապված բարի ավանդույթները․ մարզպետ

Լոռու մարզպետը, մարզպետարանի պաշտոնյաների հետ այցելել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա: Այցի նպատակը, ակադեմիայի գործունեությանը և «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզչական կազմի, թիմի խաղացողների հետ ծանոթանալն էր: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։

Թիմն այս տարի մասնակցում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը. առջևում 3 վճռական խաղ է մնացել: Մարզի ղեկավարը հաջողություն մաղթեց թիմին՝ ցանկություն հայտնելով հուլիսի 2-ին կայանալիք խաղին իր ներկայությամբ ոգևորել տղաներին:

«Պատրաստ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն «Լոռի» թիմի անվան հետ կապված բարի ավանդույթները և մեր մարզի պատանիների մոտ մեծ սեր ու հետաքրքրություն առաջանա այս մարզաձևի նկատմամբ»,-ասել է Անդրեյ Ղուկասյանը:

Նա տեղեկացրել է, որ Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտի կառուցումը, թեև այս ընթացքում հայտնի պատճառներով դանդաղել է, սակայն շուտով շահագործման կհանձնվի՝ մարզվելու լավագույն պայմաններ ապահովելով թիմի համար:

Ակումբի տնօրեն Վահան Դանիելյանի տեղեկացմամբ, թիմը համալրված է ինչպես հայ, այնպես էլ՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, Աֆրիկյան տարբեր պետությունների, Հայիթիի քաղաքացիներ հանդիսացող ֆուտբոլիստներով: Սակայն առաջիկա տարիներին, նրա վստահեցմամբ, թիմը աստիճանաբար կհամալրվի Վանաձորի ֆուտբոլային ակումբում մարզվող սաներով: