Մխիթարյանը կխզի պայմանագիրն Արսենալի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, ամենայն հավանականությամբ կմնա իտալական թիմում՝ մշտական հիմունքներով: Այս մասին գրել է Armsport-ը:
Երեկ՝ հունիսի 30-ին, «գայլերը» հայտարարեցին, որ երկարաձգել են հայ ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառը: Հենց այդքան ժամանակ է ուժի մեջ Մխիթարյանի՝ «Արսենալի» հետ պայմանագիրը:
Corriere dello Sport-ը վստահեցնում է, որ Մխիթարյանը կխզի պայմանագիրը «զինագործների» հետ: Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարել ակումբի հետ ու համաձայնության է եկել համագործակցությունը դադարեցնելու շուրջ:
Այսպիսով, ֆուտբոլիստը «Ռոմա» կտեղափոխվի ազատ խաղացողի կարգավիճակով և «գայլերին» բաժին կհասնի անվճար՝ եթե հաշվի չառնենք Ռայոլային ու հենց Մխիթարյանին վճարվելիք գումարները:
Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել անցած ամառ: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայի 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: