Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել. ՀՖՖ նախագահ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Առաջին խմբի առաջնության դադարեցման ու 5 ակումբի և 58 անձանց որակազրկման հետ։

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ,
հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել՝ առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ։

Տվյալ գործընթացը պետք է շարունակական լինի, համենայնդեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և անձամբ ես ձեռնամուխ ենք լինելու սկսված գործընթացի շարունակականությանը։ Որոշում է կայացվել այն ակումբների վերաբերյալ, որոնց դեպքում ՀՖՖ-ն միջազգային կառույցներից և իրավապահ մարմինների կողմից ստացել է հիմնավոր, անհերքելի ապացույցներ։

Այն ապացույցները, որոնք մենք ստացել ենք միջազգային մեր գործընկերներից փոխանցվելու են ՀՀ իրավապահ մարմիններին։
Գործընթացն այսքանով չի ավարտվելու․ ՀՖՖ-ում ստեղծված փորձագիտական խումբը աշխատելու է՝ նպատակ ունենալով բացահայտել հնարավոր բոլոր դեպքերը։ Բացի դրանից՝ այս տարի ներդրվել է առաջին խմբի ակումբների արտոնագրման համակարգը, որն օգնելու է թույլ չտալ անհայտ ծագումով ակումբների ի հայտ գալուն։

Մեր նպատակն է արմատախիլ անել կոռուպցիան և պայմանավորված խաղերի համակարգը հայկական ֆուտբոլում։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր վերջին ամիսների ընթացքում համագործակցել են ՀՖՖ-ի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Քաղաքականություն