Հունիսի 30-ին մահացած 82-ամյա գյումրեցու դին կորել է․ Tert. am
Գյումրեցի 82-ամյա Սոնիկ Կարապետյանի դին, ով մահացել է հունիսի 29-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, կորել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա քրոջ թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տատիկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մինչդեռ նրան հիվանդանոց էին տեղափոխել այլ գանգատներով: «Նա իմ տատիկի քույրն է: Ժառանգներ չունի, մենք էինք խնամում: Վատառողջ էր, տնից դուրս գալ չէր կարողանում, 4 ամիս տանն է եղել, վարակվել չէր կարող: Մեր տանն էլ վարակակիր չկա: Մոտ երկու շաբաթ առաջ տեղափոխել ենք Գյումրու բժշկական կենտրոն: Թեստը դրական է եղել՝ անհասկանալի պատճառով: 2-3 օր մնալուց հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ հունիսի 29-ի առավոտյան սրտի կանգ է արձանագրվել»,-պատմեց Մարիամը:
Նրա խոսքով՝ երբ մահն արձանագրվել է, հիվանդանոցից ասել են՝ հարազատները հունիսի 30-ին՝ կեսօրից հետո, գնան հիվանդանոց, տատիկի իրերը վերցնեն, այնուհետև թղթաբանության հարցերով գնան Երևանի Հերացի փողոցում գտնվող անատոմիկ ու գնան Աբովյան քաղաքի անատոմիկ, որտեղից վերցնենք տատիկի դին:
Մարիամը տեղեկացրեց, թե երեկ՝ հունիսի 30-ին, իր եղբայրը գնացել է Աբովյան քաղաք, բայց դին չի եղել, ասել են՝ նման անուն-ազգանունով մարդ չեն ընդունել անատոմիկ: «Այդտեղից եղբայրս գնացել է նորից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, այնտեղ էլ ասել են՝ դին ուղակել ենք Աբովյան: Նորից գնում է Աբովյան, հետո՝ Հերացու վրա գտնվող անատոմիկ, իրենք ևս ասում են, թե այդ անունով դիակ չեն ընդունել: Եղբայրս անձամբ մտել է Աբովյանի անատոմիկ, կորոնավիրուսով մահացածների մեջ փնտրել է տատիկին, 15-ից ավելի դի է նայել՝ ճանաչելու համար»,-ասաց Մարիամը:
Նա հայտնեց, որ այդ ամենից հետո զանգել են պարետատուն, որտեղից փոխանցել են Առողջապահության նախարարության հեռախոսահամար: Այնտեղից ևս հստակ պատասխան չստանալով՝ կնոջ հարազատները դիմել են Ոստիկանություն:
«Այսօր հարցաքննություններով պարզվել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի սանիտարը, որը տատիկին իջեցրել է Շտապ օգնության մեքենայի մոտ, որով պետք է դին տեղափոխեին Աբովյան քաղաք, բժշկի ձեռագիրը չի հասկացել, Կարապետյան Սոնիկի փոխարեն գրել է Գրիգորյան Սոնիկ: Անատոմիկում էլ ոչ մի գրառում չկա, թե ում են տվել դին, ու տարել են: Հիմա Ոստիկանությունում այն վարկածն է, որ ով տարել է դին, արդեն հուղարկավորել է: Հիմա թաղման բյուրոներով հարցում են կատարում, որ գտնեն, արտաշիրիմում պետք է կատարվի: Չգիտենք՝ քանի գերեզման պետք է քանդենք, որ տատիկի դին գտնենք»,-ասաց Մարիամը: