«Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է»․ ֆեյսբուքում արշավ ընդդեմ գույքահարկի բարձրացման օրենքի

Հայ քաղաքական-հասարակական գործիչները, դերասաններն ու երաժիշտները ֆեյսբուքում լուսանկարներով արշավ են սկսել ընդդեմ գույքահարկի բարձրացման օրենքի։

 

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գրել է․ «Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։ «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։

Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է»։ Հրանտ Թոխատյանի գրառմամբ ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նաև քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Ես միանում եմ ֆլեշմոբին

«Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին»։
Ֆլեշմոբին միացել են լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը, երաժիշտ Վահան Արծրունին, լրագրող Մարկ Գրիգորյանը, բժիշկ Նունե Ներսիսյանը, երաժիշտ Վազգեն Ասատրյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին:

Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

 

Լուսանկարը՝ Tert.am