Ոչ ոք մեր փոխարեն չի կարող որոշել մենք խորհրդարանում տեղ ունե՞նք, թե՞ ոչ, առավել ևս փողոցից եկածները. Տոնոյանը՝ իշխանություններին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում վարչապետ Փաշինյանի ելույթին: Տոնոյանը մասնավորապես նշել է, որ ոչ ոք իրենց փոխարեն չի կարող որոշել իրենք խորհրդարանում տեղ ունե՞ն, թե՞ ոչ. դա որոշել և որոշում է շողովուրդը: Տոնոյանի գրառումը՝ ստորև.
«Երբ լաչառությունն ու անհավասարակշիռ բառամթերքը դառնում են քաղաքական կատեգորիա
Այսօր կրկին ստիպված եղանք խորհրդարանի դահլիճից ունկնդրել հերթական բոցաշունչ ելույթը՝ միախառնված պաթոսով, սպառնալիքներով ու ապաքաղաքական բառամթերքով: Այո՛, այո՛...Երկրի թիվ մեկ ամբիոնից երկրի թիվ մեկ դեմքը խոսում էր հախուռն ու էմոցիոնալ, թացն ու չորն ամբողջությամբ իրար խառնած:
Ես, իհարկե, հասկանում եմ և՛ առկա վախն ու տագնապը, և՛ այլևս անկառավարելի դարձած խուճապը, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ լաչառությունն ու անհավասարակշռությունը քաղաքական կատեգորիա չեն: Լավ, եթե դուք այդքան վստահ եք ձեր ուժերի վրա, ինչո՞ւ չեք հանդարտվում, ինչո՞ւ եք արդեն օրեր շարունակ քնում ու արթնանում ԲՀԿ-ի վերաբերյալ խոսելով:
Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ... պարզ հարց, որն ունի պարզ պատասխան ու նույնքան պարզ իրադարձությունների հաջորդականություն:
Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին իսկույն հաջորդեցին ցածրորակ մասկի շոուն, քրեական շինծու գործերը, անձեռնմխելիությունից զրկելու ափալ-թափալ գործընթացը, շանտաժն ու քաղաքական հետապնդումները...
Ահա, շատ հակիրճ, թե ինչի եք ընդունակ դուք, ինչի է ընդունակ ձեր իշխանությունը՝ երերացող ու տակից փախչող աթոռն ամեն գնով պահելու համար:
Այդուհանդերձ, որքան էլ ձեր ուղեղը մթագնած լինի, հիշեք մի պարզ ճշմարտություն՝ ոչ ոք մեր փոխարեն չի կարող որոշել մենք խորհրդարանում տեղ ունե՞նք, թե՞ ոչ, առավել ևս փողոցից եկածները: Մեր տեղը որոշել և որոշում են բացառապես մեր ընտրողներն ու մեր ժողովուրդը, ավելին՝ ձեր իսկական տեղը շատ շուտով ևս որոշելու է դարձյալ նույն ժողովուրդը:
Այնպես որ ֆաշիզմի ու բռնապետութան բոլոր ջատգովներին խորհուրդ եմ տալիս հանգիստ նստել տեղները:
Ինչ վերաբերում է արդեն չարչրկված ու ձանձրալի դարձած թեմային՝ ընտրակաշառքին, ապա հիշեցնեմ. դեռ 2018-ին, երբ իշխանափոխությունից հետո պետք է անցկացվեին խորհրդարանական առաջին ընտրությունները, հինը մերժածներն ու նորի մասին թմբկահարողները Երևանում ու մարզերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կառույցների ղեկավարներին ու աշխատակիցներին բերման ենթարկելու, շանտաժի էժանագին փորձերով ջանում էին ամեն կերպ ընտրակաշառքի գործ սարքել մեր թիմակիցների գլխին: Փորձերը շատ էին,արդյունքը՝ չգոհացնող, վերևից եկած պատվերը՝ անկատար: Ինչո՞ւ, որովհետև այդպես էլ գործ կարելու ոչ մի փաստարկ չպեղեցին:
Այսօր, երբ երկիրը գտնվում է կործանման եզրին, երբ սոված ու գործազուրկ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, երբ իշխանությունը զգում է մոտալուտ վախճանը, ամենաբարձր օղակից ստացված հրահանգով կրկին փորձ է արվում զարկ տալ անկատար մնացած «Ընտրակաշառք օպերացիա»-ին: Ինչ խոսք, զզվելի է, զզվելի է տեսնել ու լսել սեփական աթոռն ու բարեկեցիկ կյանքն ամեն գնով պահելու էժան տրյուկները, համաժողովրդական սիրո մասին թմբկահարող ու ժողովրդի մասին դույզն ինչ չմտածող դեմքերը, երկրի մասին ամպագորգոռ ճառերն ու այդ նույն երկիրը կործանման տանող ապաշնորհ քաղաքականությունը:
Դե եթե այդքան ինքնավստահ եք, այդքան ժողովրդական, այդքան թավշյա ու ինչպես դուք եք սիրում կրկնել՝ այդքան դուխով, եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եկեք քայլ անենք և տեսնենք, թե որտեղ եք հայտնվելու դուք և որտեղ եք տեսնելու մեզ: Թե՞ ձեր դուխը մենակ լաչառություն անելով է դրսևորվում…»: