Փաշինյանը ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Այս տոնն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքական, սոցիալ-տնտեսական նվաճումների, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման հետ:
Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ամրապնդվում և ընդլայնվում է համագործակցությունը հայ-ռուսական փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում:
Բարեկամության և վստահության դարավոր պատմությունը, մեր ժողովուրդների ամուր եղբայրական կապերը կառուցողական համագործակցության և փոխադարձ աջակցության ամուր հիմք են ոչ միայն երկկողմանի մակարդակում, այլև՝ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:
Անկեղծորեն հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր երկրները կկարողանան հաղթահարել աննախադեպ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ կապված ժամանակավոր դժվարությունները, և մենք կկարողանանք վերականգնել ավանդական սերտ շփումները:
Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:
Վարչապետ Փաշինյանի՝ ՌԴ կառավարության ղեկավարին ուղղված ուղերձում նշված է.
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Այս տոնական օրն արտացոլում է Ռուսաստանի պետականության հազարամյա պատմությունը, երկրի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը, հետևողական ստեղծագործական աշխատանքը՝ ուղղված երկրի զարգացմանը և բարգավաճմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանը:
Մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն արտացոլված են միջազգային հարթակներում և, հատկապես, Եվրասիական տնտեսական միության շրջանակում կառուցողական և փոխշահավետ ռազմավարական գործընկերության մեջ:
Գոհունակությամբ կարելի է արձանագրել մեր երկրների միջև հետևողականորեն ամրապնդվող փոխգործակցությունը՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:
Հուսով եմ, որ մոտ ժամանակներս աշխարհում համաճարակաբանական իրավիճակը կկարգավորվի, ինչը թույլ կտա մեզ լիարժեք վերսկսել սերտ կապերը` նոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման նպատակով:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, քաջառողջություն, բարգավաճում և հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...