Խաժակյանը՝ 100-ավոր մլն դրամների հասնող չարաշահումների շղթայի մասին

Ես խոսելու եմ հարյուրավոր միլիոն դրամների հասնող մեքենայություններից, քանի որ պետական մարմինները շաբաթներ շարունակ նախընտրել են լռել այդ մասին: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Ոչ դատախազությունը, ոչ էլ քաղաքապետարանը չեն խոսել  պետությանը եւ համայնքին հասցված վնասի մասին: Խոսքը պետական գնումների մասին է: «Գնումների մասին» օրենքի համաձայն ցանկացած կապիտալ շինարարություն պահանջում է առանձին տեխնիկական հսկողություն մեկ այլ մասնավոր կազմակերպության կողմից: Այսինքն շինարարության վերաբերյալ փաստացի հայտարարվում է երկու մրցույթ՝ բուն շինարարական աշխատանքները եւ դրանց տեխնիկական հսկողությունը: Իսկ այն ինչ տեղի է ունեցել վերջին շաբաթներին, դժվար է անգամ երեւակայել:

2019-ի հոկտեմբերին կառավարությունն իր որոշումներից մեկում կատարում է փոփոխություն, որը փաստի առաջ է կանգնեցնում շատ շինարարների եւ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների: Պետությունը այդ կազմակերպություններից մրցույթների մասնակցելու համար պահանջում է չափազանց մեծ բանկային երաշխիք, որ շատերը որոշում են այդ պայմաններով այլեւս չմասնակցել մրցույթներին:

2020-ի հունվարի 9-ին պետական գրանցում է ստանում «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ն եւ երկրով մեկ դիմում շինարարական աշխատանքների տեեխնիկական հսկողություն իրականացնելու մրցույթներին եւ նվազագույն արժեք տալով հաղթում: 2020-ի փետրվարի 20-ին այդ կազմակերպությունը մասնակցում է Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին եւ լինելով միակ մասնակիցը, ստանում շուրջ 35 մլն դրամ արժողությամբ  պայմանագիրը:

 

Կառավարության որոշմամբ կազմակերպությունը ներկայացնում է նաեւ բանկային երաշխիք, որն անհրաժեշտ է ունենալ մրցույթը շահելիս:

Իսկ հիմա ամենաուշագրավը, պարզվել է, որ նորաստեղծ կազմակերպության ներկայացրած բանկային երաշխիքը կեղծ է: Ասել է թե, մրցույթին ներկայացված փաստաթուղթը ոչ թե թողարկվել է բանկի կողմից, այլ կեղծվել է:

Օրեր առաջ քաղաքապետարանը լուծարում է այդ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը: Երեւանի քաղաքապետարանը մարտին հրապարակում է իր հերթական, բայց ծավալներով մեծ մրցույթը՝ բազմաբնակարան շենքերի վերանորոգման մրցույթը: Եթե նախորդը պարզապես տեխնիկական վերահսկողության մրցույթ էր, այս մեկով նախատեսված են մեծածավալ շինարարական աշխատանքներ:

Այս մրցույթին չափաբաժինների մեծ մասին նվազագույն արժեք է ներկայացնում «ՌաշնՎոյաժ» անունով  ՍՊԸ-ն, որը եւս ստեղծվել է հետհեղափոխական շրջանում, 2019-ի հունվարին: Այս կազմակերպությունը եւս կշահեր 600 մլն դրամ եւ ավել արժողությամբ մրցույթը, եթե չպարզվեր, որ այն եւս ներկայացրել է կեղծ բանկային երաշխիք»,-հայտարարեց Խաժակյանը:

«Բնականաբար հարց է առաջանում՝ փոխկապակցվա՞ծ են արդյոք այս ընկերությունները եւ արդյոք բանկային երաշխիքի փաստաթղթերը կեղծվել են սեփական ռիսկով»,-նշեց «Լույսի» ներկայացուցիչը:

 

Նա անդրադարձավ նաեւ այս ընկերություններին՝ նշելով, որ ըստ փաստաթղթերի «Ռաշն վոյաժ» ՍՊԸ-ի տնօրենը Վահագն Ղալումյանն է: Այս ազգանունն ինձ ծանոթ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, ով 2019-ի սեպտեմբերից զբաղեցնում է այդ պաշտոնը: Հաջորդ ինձ ծանոթ Ղալումյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ծեծկռտուքի ժամանակ հետեւից խփող Վահե Ղալումյանն է, ով վարչապետի քավորի հարազատ եղբայրն է:

Վահե Ղալումյանը 2003-2006 թվականներին եղել է Իջեւանի «Ճանշին» վարչության գործադիր տնօրենի տեղակալ, իսկ 2006-2015-ին՝ Իջեւանի «Ճանշին» վարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: Կարծում եմ՝ նա ունի տենդերների մասնակցության սոլիդ մասնակցություն:

Վահագն Ղալումյանի հետ հստակ ազգակցական կապը չեմ կարող նշել, միայն կասեմ, որ իրենք իրար մեջ ասում են, որ բորեղբոր տղաներ են: Իրավապահները այս ամենից, կարծում եմ, արդեն տեղյակ են: Հարուցել են արդյոք քրգործ, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ երկու շաբաթ արդեն անցել է, ինչ բանկը քաղաքապետարանին տեղեկացրել է, որ նման երախիք չի թողարկել, եւ Ղալումյանի ներկայացրած փաստաթուղթը կեղծ է:

Հարց է առաջանում՝ կարո՞ղ էին արդյոք բիզնեսմենները դիմել այսպիսի գործողությունների առանց քաղաքական երաշխիքների: Համոզվա՞ էին արդյոք, որ իրենց պլանները չեն խափանվի եւ բանկային կազմակերպությունը չի դիմի իրավապահներին: Միայն թե չասեք, որ սա որոշել էինք հրապարակել վաղը, ես առաջ անցա»,-հայտարարեց Խաժակյանը: