Ազգային ժողովի դիմային մասը նորաոճ լուսավորում է ստանալու. Տիգրան Գալստյան
ՀՀ Ազգային ժողովի դիմային մասը նորաոճ լուսավորում է ստանալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Անկախ համավարակով պայմանավորված սահմանափակումներից՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2020թ. ընթացքում պլանավորել եւ հիմնականում իր ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հաշվին հետեւողականորեն իրականացնում է հետեւյալ ծրագրերը․
1. Փոխարինվում են անորակ եւ երկարատեւ շահագործման արդյունքում վերջնականապես մաշված, մշտապես բազմաթիվ վթարների պատճառ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, արտաքին ջերմագծերը եւ կաթսայատան որոշ սարքավորումներ։ Մրցույթի անցկացման փուլն ավարտված է, աշխատանքները շուտով կմեկնարկեն։
2.Ամբողջովին վերանորոգվում է կոռոզիայի ենթարկված եւ վնասված ինժեներական հանգույցներով վթարային շենք հիշեցնող 5 հարկանի ավտոկանգառի եւ տրանսպորտային միջոցների սպասարկման շենքը։ Ավտոկանգառը հնարավորություն կտա բեռնաթափել Դեմիրճյան փողոցը, որտեղ մեծաքանակ մեքենաների կանգառի պատճառով հաճախ խցանումներ են առաջանում։ Վերանորոգումը կավարտվի 10 օրից։ Նախատեսվում է նաեւ կառուցել նոր բացօթյա ավտոկանգառ։
3.Աշխատանքային ժամանակակից պայմաններ են ստեղծվում Փորձագիտական եւ վերլուծական վարչության համար։ Որպես վերլուծական կենտրոն ծառայելու համար նախատեսված այս միջավայրը հագեցած կլինի նորագույն տեխնիկական եւ ծրագրային միջոցներով։ Աշխատանքները սկսված են, ավարտը նախատեսվում է 2 ամսից։
4.Ստեղծվելու է էլեկտրոնային գրադարան, որտեղ հնարավոր կլինի օգտվել միջազգային եւ տեղական թվայնացված գրականությունից։ Տեխնիկական միջոցներն արդեն իսկ ապահովված են․ բանակցություններ են ընթանում էլեկտրոնային տարբեր գրադարանների նյութերի հասանելիության թույլտվության ստացման ուղղությամբ։
5.Իրականացվելու է ՀՀ Ազգային ժողովի առաջին մասնաշենքի դիմային մասի նորաոճ լուսավորում։ Արտաքին տեսքի դիզայնն արդեն որոշված է, եւ կազմված է նախահաշիվ։ Շուտով կհայտարարվի աշխատանքների իրականացման բաց մրցույթ։
2020թ․ համար ունենք եւս մի քանի ծրագիր, որոնք նոր ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ միջոցով ստացված ֆինանսական միջոցների առկայության դեպքում նպատակադրված ենք անպայման իրականացնել։ Նշեմ նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովն իր բյուջեից (ի լրումն վերոնշյալի) արդեն իսկ խնայել եւ պետական բյուջե է փոխանցել 503 մլն ՀՀ դրամ»։