ԲՀԿ հայտարարությունը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան » կուսակցությունը հայտարարություն է տարածել Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անընդունելի է համարում Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպը: Նմանատիպ իրողությունները հակասում են պառլամենտարիզմի, քաղաքական մշակույթի եւ ժողովրդավարության տրամաբանությանը:

Խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկրում բռնությունը պետք է մերժվի եւ ցանկացած հարց, հատկապես օրենսդիր մարմնում, պետք է լուծվի ոչ թե ուժով, այլ քաղաքակիրթ երկխոսության, հարկ եղած դեպքում նաեւ առողջ քննադատության ճանապարհով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի իր գործընկերներին փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության եւ կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում: Նման տհաճ միջադեպերը այլեւս երբեք չպետք է կրկնվեն:

Հատկապես հիմա, երբ երկրում համաճարակային իրավիճակ է, արտակարգ դրություն, տնտեսական ճգնաժամ, եւ առանց այն էլ եղած բազմաթիվ խնդիրներին ավելացել են նորերը, յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի միավորել ջանքերը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու եւ մարդկանց սոցիալական ծանր վիճակը մեղմելու ուղղությամբ:

Այս ամենը պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար: Մեզանից յուրաքանչյուրը, իր մեջ բացառելով նմանօրինակ դեպքերը, այլեւս պետք է լծվի մեկ գործի՝ աշխատել հանուն հայրենիքի բարգավաճման եւ զարգացման, հանուն ժողովրդի բարեկեցության»:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում ծեծկռտուք տեղի ունեցավ Սաասուն Միքայելյանի և Էմոն Մարուքյանի միջև: 

Քաղաքականություն

Պատահարներ