Իմ այս պայքարը նրա համար է, որ ցույց տամ, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում, իսկ թե ինչ է կատարվում, աներևակայելի է. Արմեն Բեգոյան. TERT

Եթե ղեկավարը չի ուզում ինձ տեսնել այդ պաշտոնում, ճիշտ կլինի, որ հեռանամ, բայց իմ այս պայքարը նրա համար է, որ ցույց տամ, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում, իսկ թե ինչ է կատարվում, աներևակայելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կնոջ այն որոշման մասին, որ ինքը պետք է հեռանա պաշտոնից:

Ըստ Բեգոյանի՝ քաղաքապետի կնոջ այդ պահանջը կապ չունի ՀՈԱԿ-ի աշխատանքի հետ, քանի որ միշտ դրական կարծիքներ ու արձագանքներ են ստանում, այդ թվում նաև՝ քաղաքապետից: «Մնացածն արդեն ենթադրում է, որ քաղաքապետի կնոջ սկսածն ընդամենը անձնական դաշտում կատարվելիք գործընթաց է: Ես չեմ ուզում իջնել այդ դաշտ: Բոլորս էլ գիտենք, որ քաղաքապետի կինը քաղաքապետարանում չունի իրավասություն մարդուն աշխատանքից հեռացնելու կամ ընդունելու»:

Հարցին, թե արդյոք նախկինում Բեգոյանը ճանաչել է քաղաքապետի կնոջը, նա պատասխանեց՝ ոչ, նույնիսկ խոսակցություններ են պտտվում, որ քաղաքապետի կինն է նրան աշխատանքի տեղավորել, սակայն նա հերքեց՝ ասելով, որ լրատվամիջոցներում քննարկվող թեման իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով՝ քաղաքապետի կնոջը ճանաչել է քաղաքապետարանում աշխատանքի ընդունվելուց հետո:

Դիտարկմանը, թե ստացվում է՝ քաղաքապետի կինը հաճախ է քաղաքապետարան այցելել, Բեգոյանը պատասխանեց՝ բնականաբար: «Այն, ինչ ես հիմա խոսում եմ, բացառապես շատ հեշտորեն կարող եմ ապացուցել»:

Նա նորից հիշեցրեց, որ իր աշխատանքից դժգոհողներ չեն եղել, և հաճախ է տեսնում մեկնաբանություններ իր աշխատանքների վերաբերյալ, թե Հայկ Մարությանը քաղաք կանաչապատման մասով լավ է աշխատում, բայց նույն ժամանակ, նրա խոսքով՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որևէ կայք, լրատվական չի անդրադառնում այդ աշխատանքներին, փոխարենը՝ քաղաքապետարանը և քաղաքապետի խոսնակը անհեթեթ լուրեր են տարածում:

«Իսկապես, խնդիրն իմ աշխատանքից հեռանալ կամ չհեռանալը չէ, ես բնավ չեմ կպել այդ աթոռին, այստեղ խնդիրն աշխատանքից հեռացնելու ձևն է, անօրինականությունն է, քաղաքապետարանի աշխատանքն է, իմ աչքի առաջ տեղի ունեցածն է: Ես օրինականությունն եմ ուզում պաշտպանել»,- ասաց նա և հավելեց, որ ամեն դեպքում՝ սկսված գործընթացը չի կարող հանգեցնել կառույցի լուծարմանը:

Առավել մանրամասն՝ Tert.am-ում

Քաղաքականություն

Պատահարներ