ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքն ինձ հաղթեց. կուրթանցի տղամարդը պատմում է իր հիվանդությունների մասին
Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը, որին մարտի 7-ին բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հանդիմանել էր այն բանի համար, որ նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու եւ տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում, իրականում առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։
«Հիվանդ տղա եմ ես։ Ողնաշարիս երկու գրիժա կա, դիսկերս մաշված են, մի քանի անգամ «Շտապօգնություն» ենք կանչել, եկել ցավազրկել, գնացել են։ Բրոնխիտ ունեմ, որ տվել ա թոքերիս։ Բանակում չեմ ծառայել անգամ, ուղարկել էին բուժզննման Երեւանում, ասեցին՝ պիտանի չես ծառայության։ Բացի ողնաշարս, նաեւ երիկամների խնդիր ունեի։ Դա ծանր աշխատանքից էր, 11 տարեկանից աշխատել եմ՝ տուկ եմ բարձել օրը 3000-ով, 4000-ով, դաշտային գործեր եմ արել։ Հետո ռեմոնտի գործ էի անում, մի քանի տարի Ռուսաստան գնացի, բայց ամեն անգամ խաբվում էի։ Մի կերպ աշխատել եմ, որ մի հատ կով եմ ստեղծել՝ երեխեքին կաթ լինի։ Երնեկ ես առողջություն ունենայի, դուրս գայի, մի տեղ աշխատեի, տուն ստեղծեի։ Իմ դուրն էլ չէր գա, որ ես գնայի, պարոն Փաշինյանին ասեի՝ էս բանն ա պետք։ Բայց ես հիմա չեմ կարողանում մի վեդրո էլ վեր քաշեմ, տանը թեթեւ գործեր որ լինում ա, անում եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեխակը՝ նշելով, որ թեեւ իրեն բուժում է հարկավոր, բայց ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված միայն ցավազրկողներ է ստանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեխակին մարտի 7-ին ուղիղ եթերում հանդիմանանքով հորդորել էր աշխատել ու տուն ստեղծել եւ վարչապետին նման հարցով չդիմել՝ նշելով, որ իր դեպքում պետությունը պարտավորություն չունի։
«Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ», ես էլ տուն չունեի, որտեղի՞ց եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու: Հետն էլ երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային ծրագիր ենք դրել, բա քեզ նման տղեն, կներես, մի քիչ էլ արժանապատվության հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդու կասի` իմ տան, իմ հացի հարցը լուծի՞, բա իմ հացի հարցը ո՞վ է լուծելու: Չեմ ասում՝ պալատներ եմ սարքել, Երրորդ մասում ինձ համար 3 սենյականոց բնակարան եմ ստեղծել: Գնա աշխատի, քո ընտանիքի հարցը լուծի»,-ասել էր նա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում