Բա առողջ տղամարդը կգա, կասի ինձ տուն սարքե՞ք. ձեռքդ, ոտքդ տեղը, վարչապե՞տն է սարքելու. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջան կատարած այցի ընթացքում անակնկալ կանգառ է կատարել Գյուլագարակ գյուղում: Գյուղի բնակիչները արագ հավաքվեցին եւ դիմեցին վարչապետին տարբեր խնդիրներով: Տարեց մի կին խնդրեց իր բնակարանի հարցը լուծել, քանի որ միայնակ կին է եւ բնակության պայմաններ չունի: Այնուհետ մոտեցավ մի երիտասարդ տղամարդ՝ նշելով, որ ապրում է վագոն-տնակում եւ տուն է խնդրում պետությունից: տեղեկանալով, որ երիտասարդը տնակում է ապրում ոչ աղետի հետեւանքով, վարչապետը վրդովվեց եւ ասաց.
«Էս կնոջ դեպքն ուրիշ է, ձեր դեպքն ուրիշ է, ինքը միայնակ տարեց է եւ իր առաջ պետությունը պարտավորություն ունի, բայց ձեր դեպքն այլ է: Ասում եք վագոն-տնակում եք ապրում, ինձնից տուն եք ուզում, վարչապե՞տն է ձեր տունը սարքելու: Ձեռքդ տեղը, ոտք տեղը տղա ես, կներեք, բայց մի քիչ էլ արժանապատվության հարց է: Բա առողջ տղամարդը առողջ տղամարդուն կգա կասի ինձ համար տուն սարքի՞: Ինձ համար ո՞վ է սարքել: Ես 24 ժամ աշխատել եմ եւ ինձ համար տուն եմ ստեղծել, երրորդ մասում 3 սենյականոց տուն եմ ստեղծել, պալատներ չեն, բայց ես արել եմ:
Մենք էս ճանապարհը հիմնանորոգել ենք, Ստեփանավանում 14 տոկոս զբոսաշրջային աճ ենք գրանցել, հիմա ինքներդ հասկացեք՝ ինչ կարող եք անել, եւ ինչպես դրանց օգտվել, երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկի լավ պայմաններ ենք ստեղծել, ի վերջո աշխատեք եւ ձերը ստեղծեք: Վարչապե՞տն է ձեր տունը սարքելու»:
Նիկոլ Փաշինյանը վերջում հավելեց, որ դա ասում է իրեն դիմած երիտասարդին, բայց վերաբերում է ոչ միայն նրան, այլ այդ նոևւյն խնդրով դիմող մյուս մարդկանց:
Մանրամասները՝ տեսանյութում։