Կանադայի խորհրդարանում Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարություններ են հնչել
Կանադայի խորհրդարանում պատգամավորները Բաքվի և Սումգայիթի ջարդերը դատապարտող հայտարարություններ են հնչեցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորները նշել են, որ Կանադայի ողջ հայությունն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում Բաքվում և Սումգայիթում ոճրագործության զոհ դարձած հազարավոր հայերի հիշատակին:
Կանադայի Համայնքների պալատի Ազատական կուսակցության պատգամավոր Էմանուելա Լամբրոպուլոսը նշել է, որ Բաքվի և Սումգայիթի տարելիցներն իրենց հարկադրում են խոսել այդ թեմայի մասին, քանի որ իրենք ապրում են մի երկրում, որտեղ տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունները կարող են մասնակցել երկրի քաղաքականությանը:
«30 տարի առաջ տեղի ունեցան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը: 7 օրվա ընթացքում հարյուրավոր հայեր ենթարկվեցին բռնությունների, սպանվեցին, արտաքսվեցին քաղաքից: Այդ հանցագործություններով երկրում ավարտին հասցվեցին հայերի նկատմամբ սկսված էթնիկ զտումները: Մոտ 500 հազար հայ տեղահան եղավ ու ցրվեց աշխարհով մեկ, այդ թվում եկան Կանադա: Հայերի կոտորածներ էին եղել նաև Սումգայիթում, ինչը ցնցել էր ամբողջ աշխարհը»,- նշել է Լամբրոպուլոսը:
Պատգամավոր Բոբ Սարոյան Կանադայի խորհրդարանից պահանջել է շարունակել հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ ոճիրների կանխման հանձնառությանը:
«Ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Սումգայիթում և մայրաքաղաք Բաքվում: Այս ջարդերը Ադրբեջանում հայերի նկատմամբ քսենոֆոբիայի, ատելության և խտրականության վկայություն են, որը, ցավոք, շարունակվում է»,- ասել է պատգամավորը:
Կանադայի խորհրդարանի անդամ Ֆասյալ Էլ-Հուրին իր ելույթում Բաքվի ու Սումգայիթի ջարդերը մարդկության դեմ նողկալի հանցագործություն է անվանել:
«Լավալ Լեզ-իլ համայնքի և ողջ Կանադայի հայերը հիշատակում են Բաքվի և Սումգայիթի ցեղասպանության զոհ դարձած հայերին: Դա մարդկության դեմ հանցագործություն էր, որ շատ մարդու կյանք խլեց: Այդ ցավը դեռ թարմ է այն վերապրածների հիշողություններում: Այսօր եկեք մեկ պահ հարգանքի տուրք մատուցենք այս բարբարոսական բռնությունից ուղիղ կամ անուղղակի կերպով տուժածներին: Այս սարսափելի ողբերգությունը հիշատակելիս մենք հասկանում ենք, թե որքան հաջողակ ենք, որ ապրում ենք Կանադայի պես երկրում, որտեղ մարդու հիմնարար իրավունքները հարգվում են, և որտեղ բոլորս ունենք մարդկային նույն արժեքները` հանդուրժողականություն, հարգանք և արդարություն»,- նշել է Էլ-Հուրին:
2020 թ. լրանում է Բաքվի ջարդերի 30-րդ և Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցը:
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...