Քաղաքականություն

Առանց Արցախի հետ բանակցությունների ղարաբաղյան հարցի կարգավորում հնարավոր չէ. Փաշինյան

WRed 291 դիտում
Առանց Արցախի հետ բանակցությունների ղարաբաղյան հարցի կարգավորում հնարավոր չէ. Փաշինյան

Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է, և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:

 

«Այս առումով, շատ կարևոր եմ համարում այն, որ ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն և կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ»,-նշեց վարչապետը:

 

Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն, ըստ նրա, անվտանգությունն է, որովհետև Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են և այստեղ օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել: Այդ առումով շատ է կարևորվում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերի մարտունակությունը և Զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտը:

 

«Ընդհանուր առմամբ, կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, ըստ նրա, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է:

 

«Ցավոք սրտի, մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը և այսօր մենք, իհարկե, կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք: Անվտանգային միջավայրի առումով կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք ևս մի այսպիսի իրողություն: Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250