
Էլիտար զորամասեր չկան. նախարարը հերքեց Արտակ Դավթյանի և ՊԲ-ի հայտարարությունը

Քիչ առաջ հայտնել էինք, որ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ
Auroranews-ի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հարցին:
ՊՆ նախարարը արդարացիորեն նշեց , որ ՀՀ Զինված Ուժերում «էլիտար» զորամասեր չկան:
«Էլիտար զորամաս գոյություն չունի: Լրատվամիջոցներում և սոցցանցերի միջոցով տարածված անվանում է: Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են ԱՀ պաշտպանության նախարարի կողմից պատժվել են, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն կամ էլ իրենց պատասխանատվությունը նախաքննության ընթացքում կորոշվի՝ ձերբակալվում են կամ կալանավորվում», - ասաց ՊՆ նախարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին ԱԺ-ում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հարցին` տեղյակ է Auroranews-ի հայտնի հրապարակմանը, նշել էր.
«Զորամասը, իհարկե, էլիտար է, որովհետև էլիտար խնդիրներ է կատարում: Առանձնանում է իր կրակային հզորությամբ և մարտական ծառայություն է կատարում այս պահին: Որտե՞ղ տանենք էդ զինվորներին, Արցախում են ծառայում ասում են Արցախում է, ստեղ բերում ենք, ասում են` ստեղ են բերում»,-նշել էր Դավթյանը:
Նշենք, որ Արցախի ՊԲ-ն էլ էր հանդես եկել նույնաբովանդակ հայտարարությամբ, ընգծելով, որ զորամասն իսկապես էլիտար է, թեև Auroranews-ի հրապարակման մեջ էլիտար բառը չակերտավորված էր:
Հայտնենք նաև, որ Auroranews -ի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված տվյալներն ու հանգամանքները մանրամասն ստուգման ենթարկելու հանձնարարությամբ:
Հատկանշական է, որ ՊՆ նախարարի խոսքը էականորեն տարբերվում է նախկինում Auroranews-ի հրապարակմանը անդրադարձած ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի և ՊՆ-ի հայտարարությունից: