Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության

«Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կհարցաքննվի Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

 

«Նշված գործերից մեկը հարուցվել է «Թումո» կենտրոնի ղեկավար անձնակազմի կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա, որտեղ վիճարկվում է այն փաստը, որ կան տարածքներ, կան շինություններ, որոնք ապօրինի կերպով, նախկինում, խոսքը ձեր կողմից նշված քաղաքապետի կողմից օտարվել է այլ անձանց։ Այդ կապակցությամբ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով։ Այսինքն` պաշտոնական դիրքը չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու փաստով»,- ասել է մարզի դատախազը։

 

Գաբրիելյանն ասաց՝ պարզվել է, որ այդ շինությունները գտնվել են Կումայրիի արգելոցում եւ դրա հատկացման իրավաչափությունը, հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել է դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություն․

«Պիտի պարզենք՝ արդյոք իրավասո՞ւ էին այդ շինությունները օտարել, թե՝ ոչ եւ արդյոք օտարված շինությունների գինը համապատասխանո՞ւմ է տվյալ տարում գործող շինարարական արժեքին։ Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկանան, դատաապրանքագիտական փորձաքննություններ:  Խոսքը նաեւ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում»։

 

Դատախազը հայտնեց, որ Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել․ «Մենք նախաձեռնում ենք հարցաքննության հրավիրել նրան: Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ։ Բայց վերջնական գնահատական կտանք, երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը։ Այդ ժամանակ կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը։ Կստանանք եզրակացությունը, որից հետո էլ մեղադրանք կառաջադրենք»։

Քաղաքականություն

Պատահարներ