Արտակ Բեգլարյանը հանդիպել է հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի հետ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունվարի 30-ին այցելել է Քարվաճառ՝ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի եւ տեղի դպրոցականների հետ քննարկելու իրենց հուզող հարցերը:

 

Պաշտպանը երեխաների հետ հանդիպմանը լսել է նրանց մտահոգությունները եւ առաջարկները շրջանի բնապահպանական եւ մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ: Անմիջական ու փոխհարգանքի մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ա.Բեգլարյանը կարեւորել է աշակերտների քաղաքացիական ակտիվ կեցվածքը՝ հորդորելով շարունակաբար նախաձեռնող լինել համայնքի ու հայրենիքի խնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է, որ հասարակությունն ու պետությունը պետք է այնքան ներառական լինեն, որ հնարավոր դառնա նաեւ երեխաների գործուն մասնակցությունը, իրենց տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան, հանրային խնդիրների քննարկման ու կարգավորման գործընթացներում:

 

Անդրադառնալով հայտարարված դասադուլին՝ Պաշտպանն ընդգծել է, որ նախընտրելի չէ հատկապես երեխաների կողմից իրենց մեկ իրավունքի հաշվին մյուս իրավունքի իրացման համար պայքարելը, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է կրթության իրավունքի սահմանափակմանը: Քննարկելով համայնքային հիմնախնդիրների վերհանման ու լուծման գործում երեխաների ակտիվ մասնակցության հնարավոր մեխանիզմներն ու ձեւաչափերը՝ Ա.Բեգլարյանը որոշ խորհուրդներ է տվել աշակերտներին այդ ուղղությամբ՝ կոչ անելով հրաժարվել դասադուլի մեթոդից եւ քաղաքացիական ակտիվությունը դրսեւորել արտադպրոցական գործողություններով ու երկարաժամկետ պատասխանատվությամբ: Պաշտպանը խոստացել է աջակցել աշակերտներին հասարակական գործունեության ծավալման հարցում՝ համոզմունք հայտնելով, որ նրանց դրական մեծ էներգիան կապահովի նույնքան դրական ու շոշափելի ծրագրերի իրականացում իրենց համայնքի համար:

 

Դպրոցականները վերջում խոստացել են հետեւել Պաշտպանի հորդորին եւ վերահաստատել են իրենց որոշումը առայժմ չդիմելու դասադուլի՝ միաժամանակ ընդգծելով, որ ակտիվորեն հետեւելու են շրջանի բնակչությանը հուզող բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործընթացին:

Մարդու իրավունքների պաշտպանն այնուհետեւ հանդիպում է ունեցել Ալեքսանդր Քանանյանի հետ, հետաքրքրվել նրա առողջական վիճակով եւ քննարկել կառավարության հետ երկխոսության ընթացքը, արդյունքներն ու դժվարությունները: Ա.Բեգլարյանը գոհունակություն է հայտնել, որ շարունակվում է կառուցողական երկխոսությունը, որը հույս է ներշնչում առաջիկա օրերին իրավիճակի հանգուցալուծման եւ հացադուլի դադարեցման համար: Նա շեշտադրել է, որ այս փուլում ամենակարեւոր խնդիրը Ա.Քանանյանի առողջության պահպանումն է, եւ առողջապահության նախարարությունը հավաստիացրել է, որ մշտական ուշադրության ներքո է պահվում այդ հարցը:

 

Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաեւ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի եւ Քարվաճառի դպրոցի ուսուցչական կազմի հետ, քննարկել ներկա իրավիճակը եւ դրա հանգուցալուծման վերաբերյալ նրանց մոտեցումները: