ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամփոփում «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին
Մոտ երեք ժամ առաջ լարված իրավիճակ էր Հնարապետության հրապարակում գտնվող «Էրեբունի պլազա» հյուրանոցում : Անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ում անկանոն կրակոցներ էր արձակել:
Ըստ ականատեսների զինված անձը շենք էր մուտք գործել և ասել, որ իրեն ցույց տան` որտեղ է գտնվում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Զինված անձը վերելակով բարձրացել է երկրորդ հարկ, որից հետո շենքում գտնվող մարդիկ լսել են կրակոցի ձայներ: Շենքում գտնվողները զանգահարել են ոստիկանություն տեղեկացրել արտակարգ իրավիճակի մասին: Ահազանգն ստանալու պես անմիջապես դեպքի վայր են ժամանել իրավապահ կառույցները՝ ոստիկանության ղեկավար կազմը: Այս մասին դեպքի վայրից հայտնել էր ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ոստիկանության պետն անձամբ բանակցություններ է վարում, այս պահին կարող եմ ասել, որ իրավիճակը կայուն և վերահսկելի է, զենքը վերցրել ենք»,-ասել էր նա և նշել, որ նախնական տվյալներով տուժածներ չկան, պատանդներ ևս: «Ավելի մանրամասն հանգամանքները կճշտվի, կտեղեկացնենք: Ըստ նախնական տեղեկությունների` խոսքը մեկ անձի մասին է»,-հայտնել էր Ահարոնյանը:
Քիչ անց ոստիկանությունը դեպքի վայրից հայատարեց, որ զոհեր և վիրավորներ չկան, բանակցություններ են վարում զինված տղամարդու հետ: Քաղաքացիներին արգելվեց «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:
Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ միջադեպը կատարվել է հյուրանոցի սրճարանի հատվածում : Ըստ լրատվամիջոցների շենքի ներսում՝ վերևի հարկերում, մեծ քանակով մարդիկ են եղել, որոնք պատանդի կարգավիճակում են եղել: Հիմնականում նշվում էր , որ կրակոց արձակած անձը, պատանդ է վերցրել մոտ տասը մարդու, սակայն այս տեղեկությունները հերքվեցին։
Ավրորա Մեդիայի մեր գործնկերը ուղիղ եթերում անմիջապես դեպքի վայրից հաղորդեց, որ բանակցությունները հաջողություն են ունեցել և տղամարդը վայր է դրել զենքը:
Մեր գործընկերը նշեց, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցի տարածքում հավաքվել էին նաեւ այդտեղ գործող մանկապարտեզի երեխաների ծնողները, որոնք եկել էին իրենց երեխաներին մանկապարտեզից տանելու: Ոստիկանները նրանց թույլ չէին տալիս մոտենալ դեպքի վայրին՝ վստահեցնելով, որ երեխաներին վտանգ չի սպառնում, եւ իրավիճակը վերահսկվում է. նրանք պատրաստվում էին երեխաներին այլ մուտքից դուրս բերել: Բանակցություները սկսվելուն պես, երեխաներին դուրս բերեցին շենքից:
Auroranews.am-ը հրապարակեց տեսանյութ, որում երևում է թե ինչպես է տղամարդը, որը ներկայացավ Թորոսյան Արթուր Հովիկի անվամբ վայր դնում զենքը: Մեզ հետ կապ հաստատած քաղաքացին տրամադրել էր տեսանյութ որտեղ երևում է բանակցությունների ամբողջ ընթացքը:
Բանակցություններից հետո տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Զենքի տեսակը կպարզվի փորձաքննության արդյունքում:
Միջադեպին արձագանքել էր նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որը լրագրողների հետ զրույցում հայնել էր, որ չգիտի այս ամենը կապ ունի Քոչարյանի հետ :
«Ես ընդհանրապես տեղեկություններ չունեմ: Գիտեմ ճիշտ այնքան, որքան տեղեկատվություն կա լրատվամիջոցներում, երբ կպարզվի՝ ինչումն էր խնդիրը, ես անպայման կպարզաբանեմ»,-ասել էր Սողոմոնյանը: