ՄԻՊ-ը տեսակցել է 16-ամյա աղջկա սպանության գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 22-ին չհայտարարված այցի շրջանակում Արմավիր քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել 16-ամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի հետ:

 

Այս մասին հայտնում են ՄԻՊ հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ առանձնազրույցի ընթացքում Սուքիասյանը ներկայացրել է քրեական վարույթի հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն. «Կալանավորված անձը ներկայացրել է նաև պահման պայմանների հետ կապված հարց, որը քննարկվել է Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և տեղում ստացել լուծում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Երեկ հայտնել էինք, որ  Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել ինչպես սպանված 16-ամյա աղջկա իրավունքների, այնպես էլ մեղադրյալի հոր բողոքների հարցերով: ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրել էր, որ Պաշտպանին հասցեագրած առաջին բողոքով մեղադրյալի հայրը՝ Արա Սուքիասյանը, բարձրացրել է որդու անմեղության կանխավարկածի խախտման հարց, ինչպես նաև հեռախոսակապով հայտնել է մտահոգություն Քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների առնչությամբ. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Միջոցներ են ձեռնարկվել Ռաֆայել Սուքիասյանի իրավունքների հետ կապված: Երկրորդ բողոքն Արա Սուքիասյանը Պաշտպանին հասցեագրել է երեկ՝ վրեժխնդրության հիմքով իր դստեր նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ»,- նշել էր Հովսեփյանը:

 

Հիշեցնենք, որ աղջիկն սպանվել է հունվարի 5-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ աղջիկը մահացել է խեղդամահ արվելու հետեւանքով։ Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության կասկածանքով հաջորդ օրը ձերբակալվել է ՊՆ պայմանագրային ծառայող Ռաֆայել Սուքիասյանը, ում մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը: Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Հունվարի 8-ին նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով), եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

 

 

Քաղաքականություն