Երջանիկ կարող է լինել միայն աշխատող, սեփական վաստակով սեփական բարեկեցությունը կառուցող մարդը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մի դրվագ պատմեց մարզպետների մասնակցությամբ ունեցած քննարկումից:

 

«Ես մի հարց դրեցի՝ երբ ճանապարհ ենք կառուցում և ասֆալտ ենք անում այդ ճանապարհին, դրանով լուծում ենք տրանսպորտի խնդիր, բայց այդ ճանապարհը կառուցելուց հետո պետք է խնդիր դնենք նաև լուծել քաղաքակրթական, մարդու ապրելու միջավայրի խնդիր: Եթե էդ ճանապարհը ասֆալտապատած է, բայց մաքուր չէ, պատշաճ ձևով գծանշված չէ, պատշաճ ճանապարհային նշաններ չկան, մենք մարդու երջանկությունը ապահովելուն խոչընդոտում ենք, քանի որ եթե մարդը Ա կետից պետք է գնա Բ կետը, ճանապարհին 10 անգամ պետք է ներվայնանա, որովհետև ճանապարհային նշանները չեն հուշում՝ որտեղից աջ մտնի, որտեղից ձախ, որտեղ արագ քշի, որտեղ դանդաղ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց՝ սա պրոբլեմ է, որը լուծում է պահանջում: Նա հիշեցրեց՝ շատ տեղեր կան, որտեղ բարեկարգ է, ճանապարհը կառուցված է, շենքը, տանիքը կառուցված է, բայց այն չէ:

 

«Մեր այսօրվա ամենամեծ պրոբլեմն այն է, որ մեր բնակավայրերում գույն չկա, հատկապես՝ գյուղական բնակավայրերում, գորշ շենքերի հավաքածու է: Չէ՞ որ, գույնը երջանկության հետ է կապված, քանի որ միջավայրը, մթնոլորտը շատ կարևոր է այդ ամենի համար: Իհարկե, իմ համոզմունքն է, որ երջանիկ կարող է լինել միայն աշխատող, ստեղծագործող, սեփական վաստակով սեփական բարեկեցությունը կառուցող մարդը, ուրիշի ողորմությանը սպասող մարդը չի կարող երջանիկ լինել»,- ասաց Փաշինյանը:

Քաղաքականություն