Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել
Հունվարի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երեք դեպք բացահայտվեց: Գողություններից երկուսը Կենտրոն վարչական տարածքում էր կատարվել` հունվարի 18-ին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Թումանյան փողոցում իր վերարկուի գրպանից բջջային հեռախոս են գողացել: Մյուս դեպքը, րոպեների տարբերությամբ, Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում էր կատարվել. օտարերկրյա մի քաղաքացուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, ID քարտ, զեղչի և կուտակային քարտեր:
Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Արշալույս գյուղի 31-ամյա մի բնակիչ: Հունվարի 20-ին կասկածվողը Երևանի Կուրղինյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Գողացված բջջային հեռախոսը հայտնաբերվեց: Երրորդ դեպքը հունվարի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում գրանցվեց: Ժամը 13-ի սահմաններում թիվ 259 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական, մեքենայի տեխանձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները որոնողական աշխատանքներ իրականացրին և մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվեց: Քրեական հետախույզները Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի 43-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: