Հայաստանը և Սուրբ Աթոռը կիսում են նույնակունք սկզբունքները. դեսպան
Սուրբ Աթոռում, Մալթայի Ինքնիշխան Ուխտում և Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը ողջույնի խոսք է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ես, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանն եմ և իմ պարտականությունն եմ համարում օգնել ձեզ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն։
Հայ-վատիկանյան առնչություններն ունեն բավականին հարուստ անցյալ, և դրանք խարսխվում են վաղեմի պատմական ու հոգևոր կապերի, ինչպես նաև քրիստոնեական, մարդասիրական արժեքների վրա։ Հայաստանը և Սուրբ Աթոռը կիսում են նույնակունք սկզբունքները, որոնք ընկած են ժամանակակից միջազգային հարաբերությունների, ՄԱԿ-ի կանոնադրության ու հիմնարար այլ փաստաթղթերի հիմքում:
Հայաստանը, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակած երկիր, իր ուրույն դերակատարումն է տեսնում Սուրբ Աթոռի հետ ունեցած գերազանց հարաբերություններն ի ցույց դնել մյուս պետություններին ու ժողովուրդներին՝ նպաստելով հարատև խաղաղության ու կայունության հաստատման միջազգային ջանքերին։
Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը նաև Մալթայի Ինքնիշխան Ուխտում և Պորտուգալիայում։ Մեր առաջնային խնդիրն եմ համարում երկխոսություն ու համագործակցության միջոցով առավել ընդլայնել քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթամշակութային և այլ բնագավառներում միջպետական գործընկերությունն ու միջանձնային շփումները։
Դուք կարող եք հետևել մեզ այս կայքէջի և դեսպանության Facebook-ի միջոցով։ Հուսամ, որ կգտնենք ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը, հակառակ դեպքում, միշտ կարող եք կապ հաստատել դեսպանության հետ»։