Առաջարկվում է մեղմացնել մեքենայի պետհամարանիշերից մեկի բացակայության համար սահմանված պատիժը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը խորհրդարանին է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» մի նախագիծ, որով առաջարկում է մեղմացնել մեքենայի պետհամարանիշերից մեկի բացակայության համար սահմանված պատիժը։

 

Գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշներից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա երկու դեպքում էլ տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է մեքենան վարելու իրավունքից: Պապոյանն առաջարկում է, որ եթե մեքենայի վրա պետհամարանիշներից միայն մեկն է բացակայում, կիրառել շատ ավելի մեղմ վարչական պատժամիջոց՝ 20 հազար դրամ տուգանք եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալերից երկուսը։

 

Պատգամավորը համաձայն է, որ երկու պետհամարանիշի բացակայության դեպքում պետք է շատ խիստ մոտեցում լինի, քանի որ, նրա խոսքով, այդ դեպքում կա վտանգ, որ այդ մեքենան եւ դրա մեջ գտնվող անձինք ծանր հանցագործությունների կարող են մասնակցել: Պապոյանի համոզմամբ՝ մեկ պետհամարանիշի բացակայությունը շատ հաճախ լինում է  վարորդի անփութության պատճառով, կամ ճանապարհները կարող են լինել ոչ բարվոք վիճակում, եւ համարանիշն այդ պատճառով ուղղակի ընկնի․

 

«Կարծում եմ՝ այս երկու դեպքերը միմյանց հետ համեմատելը ճիշտ չէ»,- ընդգծեց նա:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նկատեց՝ նախագիծը ենթադրում է  երկակի պատիժ՝ բալայանին համակարգ եւ գումարային տուգանք։ Նա Պապոյանին հարցրեց՝ հնարավո՞ր է առհասարակ խուսափել բալային համակարգի կիրառումից եւ թողնել միայն գումարային տուգանքը․

«Եթե մարդ պատրաստ է կանգնեցնի մեքենան, հանի համարները եւ շատ մեծ արագությամբ գնա, իրեն նույնիսկ այդ բալային համակարգը չի կանգնեցնի: Չի՞ ստացվում այնպես, որ այստեղ եւս տուժում են ՀՀ քաղաքացիները, որոնք, օրինակ` կորցրել են պետհամարանիշը»,- հարցրեց Աբովյանը:

 

Պապոյանն արձագանքեց, որ եթե օրենքը մնա այնպես, ինչպես այս պահին է, ապա քաղաքացիներն ավելի շատ կտուժեն: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ պատրաստ է քննարկել ավելի ցածր բալ կիրառելու առաջարկը, եւ եթե լինեն այնպիսի հիմնավորումներ, որ մեկ բալ է պետք կիրառել, ինքը կլսի այդ առաջարկը:  

 

«Կան դեպքեր, երբ խախտումը կատարվում է անկախ մարդկանց կամքից, բայց, կան դեպքեր, որոնք չարամիտ կերպով են արվում: Եթե մենք այդ դեպքերին հանդիպում ենք, ապա պետք է որոշակի արժանի պատիժ սահմանենք: Հայաստանում կան ճանապարհներ, որ արագաչափերը միայն դիմացից են նկարում, եւ քաղաքացին, իմանալով այդ ճանապարհը եւ անգիր անելով, որ միայն դիմացից է նկարում, կարող է դիմացի պետհամարանիշը հանել եւ խախտումներ անելով վարել՝ վտանգալով իր եւ հանրության մյուս անդամների կյանքի իրավունքը: Հետեւաբար՝ մենք երկու բալը սահմանել ենք այդ տրամաբանությամբ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սա առաջին հերթին քաղաքակրթական հարց է եւ պատասխանատվություն է, որ չպետք է կատարել խախտումներ:

 

 

Քաղաքականություն