ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, Նաիրա Հարությունյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է, որ որ նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է քննչական խումբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Մշակվել է քննչական եւ դատավարական գործողությունների պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը/ դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ եւ 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարեւանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է եւս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի:
Հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է դիակը/ դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սեւակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան:
Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին:
Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները եւ հայտնաբերված գնդակները հավաքել եւ դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:
Քննությամբ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղեւորվել է Պարույր Սեւակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին:
2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:
Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել եւ հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: