Ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին փոխհատուցում կվճարվի. Գոնչարուկ
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հայտարարել է, որ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքները փոխհատուցում կստանան: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Վարչապետը նշել է, որ կառավարությունն այսօր կտա համապատասխան հրամանը:
«Այսօր մենք որոշում կընդունենք Իրանում ավիավթարի ժամանակ զոհված ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին: Կընդունենք որոշում ամեն ընտանիքի 200 000 գրիվնա (շուրջ 8300 ԱՄՆ դոլար) վճարելու մասին, և կարծում ենք, որ մինչև շաբաթվա վերջ դրանք վճարված կլինեն»,-ասել է Գոնչարուկը:
Նշվում է, որ պետական միանվագ նյութական օգնությունը պահուստային հիմնադրամից կտրամադրվի մինչև ընտանիքների կողմից բոլոր ապահովագրական վճարների ստացումը:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»: