Ռոհանին ներողություն է խնդրել, որ Իրանը միանգամից չի ընդունել, որ սխալմամբ է խոցել ուկրաինական ինքնաթիռը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել հանրապետության զինված ուժերի կողմից սխալմամբ ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին հայտարարության ուշացման համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Կցանկանայի ներողություն խնդրել հետաձգման և մեր պահվածքի համար»,- նշել է նախագահը: Ռոհանիի խոսքով՝  «մարդիկ պետք է հասկանան, որ անվտանգության ուժերը ոչինչ չեն թաքցնում»:

 

Նախագահը հավելել է, որ նա ժողովրդի ծառան է, ուստի ժողովրդի հետ պետք է խոսի համեստ և անկեղծ:

Նրա խոսքով` «դատական իշխանությունը, զինված ուժերը և կառավարությունը պետք է համախմբվեն հետաքննություն իրականացնելու և աշխարհին դրա արդյունքները ներկայացնելու համար»:

 

Նա նաև պահանջել է Իրանի զինված ուժերից ավելի շատ տեղեկություն տրամադրել ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:

Քաղաքականություն