Մի քանի ամիս է՝ հայաստանյան խմբերում «ջարդված պրոֆիլներով» կեղծ լուրեր են շրջանառվում․ Աբրահամյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ահազանգել է, որ արդեն ամիսներ շարունակ հայկական սոցցանցային հարթակներում օտարները կոտրված՝ գողացված, հաշիվներով կեղծ տեղեկություններ են տարածում։

 

«Քանի կեղծ պրոֆիլների և տարատեսակ դիանաների թեման ակտուալ է, ևս մեկ թարմ օրինակ ներկայացնեմ, որը համապատասխան ինստիտուտների ֆունկցիոնալ շրջանակներում է և խնդրանքս է, որպեսզի այս թեմայի ուղղությամբ ևս աշխատեն։

 

Արդեն մի քանի ամիս է ինչ հայաստանյան խմբերում, ջարդված պրոֆիլների միջոցով, կեղծ լուրեր են շրջանառվում։ Տարբեր ջարդված օգտատերեր, որոնք կառավարվում են ադրբեջանցիների կողմից Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի, դրա սրացման, հասարակական հարաբերությունների խաթարման, հայաստանցի-ղարաբաղցի կեղծ օրակարգի շուրջ, ներքին թշնամության առաջացման կամ խորացմանն ուղղված գրառումներ են տարածում։

Ինչևէ, արդեն մի քանի ամիս է, տարբեր խմբերում, ընկերոջս անունից (ու ոչ միայն նրա) կեղծ լուրեր են շրջանառվում։ Բոլոր տեղերում գրառումը նույն է՝ կոչ փողոց դուրս գալու և Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներ անել։

Ամեն անգամ գրում ենք ադմիններին, փորձում խմբերում կանխել ադրբեջանցիների կեղծ լուրերի տարածում, սակայն խմբերի ադմինների ճնշող մեծամասնությունը չեն արձագանքում։

 

Գրառման տակ մեկնաբանություններ թողնելն էլ առանձնապես արդյունավետ չէ։ Սա համալիր լուծում պահանջող խնդիր է։ Երեկվա օրինակը այս խմբում է՝ https://m.facebook.com/groups/613948301957421… ։

 

Այս օգտատիրոջ պրոֆիլն էլ ջարդված է՝ https://www.facebook.com/profile.php?id=100009590621290 , անձամբ եմ գրել, պատասխանել է ադրբեջանցի, պատասխանը սքրինով կդնեմ ներքևում։

 

Խնդրանքս է տեղեկատվական անվտանգության թեմաներով զբաղվող կառույցներին՝ զբաղվելու նմանօրինակ անվտանգային խնդիրներով, նման դեպքերը կանխել վաղ փուլում, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության սկզբունքների, դրանց ռիսկերի վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ իրականացնել»,- գրել է Աբրահամյանը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ