Քաղաքացին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 8-ին բաժին եկած 53-ամյա կինը, որը Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը պատկանել է ամուսնու հանգուցյալ եղբորը։


Ոստիկանության Արմավիրի բաժին եկած Արաքս գյուղի 33-ամյա բնակիչն էլ կամավոր հանձնեց ապօրինի պահվող երկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի պահունակ, ծխագլանակ, տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք գտել է տան նկուղը մաքրելիս։ Արմավիր քաղաքի բնակիչ, 74-ամյա մի տղամարդ էլ դարձյալ Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան, ինքնաձիգի փամփուշտներ, ականանետի ական, հակատանկային նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և այլն։


Հունվարի 9-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Բաղրամյանի բաժնում։ Մյասնիկյան գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է «Շմայսեր» տեսակի ինքնաձիգ` նախատեսված 9մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։


Դարձյալ հունվարի 9-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին եկած Մերձավան գյուղի 41-ամյա բնակիչը կամավոր հանձնեց առանց գործարանային համարի, կարճեցված փողով հրացան՝ նախատեսված 16մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, ինչպես և նռնակի պայթուցիչներ ու տարբեր տրամաչափի 230-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։


Աստղաձոր գյուղում ապրող 24-ամյա մի երիտասարդ էլ ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է պայթուցիկ նյութ՝ իր պայթուցիչով և ինքնաձիգի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք գտել է ձեղնահարկում։


Վայք քաղաքի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնեց 5,6մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ, երեք նռնակ, որոնցից երկուսը՝ ինքնաշեն, և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը գտել է տանիքը մաքրելիս։


Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ևս արձանագրվել է ապօրինի պահվող զենքի կամավոր հանձնման դեպք։ Հունվարի 8-ին բաժին եկած 56-ամյա կինը, որը Գյումրու բնակիչ է, կամավոր հանձնեց ինքնաշեն ատրճանակ և 5,6մմ տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ հրազենը պատկանել է հանգուցյալ եղբորը։


Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։


Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
 

Քաղաքականություն