
Դիանա Գասպարյանը` Էջմիածնի թիվ 8 դպրոցի միջադեպի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք Էջմիածնի թիվ 8 դպրոցում արդեն քանի օր է բողոքի ակցիա է ընթանում: Պատճառն այն է, որ թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները դեմ են նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանին:
Հայտնի է, որ 300-ից ավել աշակերտի ծնող դիմում է գրել իրենց երեխաներին այլ դպրոց տեղափոխելու համար:
Նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը 2019թվականին էլ բողոքի ակցիաների ճնշման ներքո ինքնակամ լքել է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը: Ծնողներն ու ուսուցիչները նշում են, որ Շուշանիկ Ոսկանյանի դեմ հարուցված է քրեական գործ, ուստի չեն ուզում, որ իրենց դպրոցում նման անձը զբաղեցնի ղեկավարի պաշտոնը:
Հայտնենք, որ Բաղրամյան գյուղի դպրոցի մասով երկու քրեական գործ է եղել հարուցված: Առաջինում Ոսկանյանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նրան մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 311 և 312-րդ հոդվածների առաջին մասերով, այն է՝ կաշառք ստանալը և կաշառք տալը: Գործը նախաքննության փուլում է:
Auroranews-ը կապ հաստատեց Էջմիածին քաղաքի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած նրան, որ դպրոցը չի գտնվում քաղաքապետարանի վերահսկողության տակ, ինքը անձամբ վերահսկում է տիրող իրավիճակը և խնդրի վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում:
Հարցին` ի՞նչ դիրքորոշում ունի քաղաքապետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ո՞րն է խնդրի հիմնական լուծումը Գասպարյանը պատասխանեց.
«Կարծում եմ պետք է այս ամենին տալ իրավական մոտեցում: Հարցը կկարգավորվի օրենքի շրջանակներում, ամեն բան վերահսկողության տակ է, հավելյալ ոչինչ չեմ կարող ասել»- , նշեց Դիանա Գասպարյանը:
Ջեմմա Սարդարյան