ԱՄՆ-ն իր ավիաընկերություններին արգելել է թռչել Իրանի և Իրաքի օդային տարածքներով
Միացյալ Նահանգների քաղավիացիայի դաշնային վարչությունն ամերիկյան ավիափոխադրողներին արգելել է մուտք գործել Իրաքի, Իրանի, Օմանի ծոցի, ինչպես նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև գտնվող ջրերի օդային տարածք, ինչը պայմանավորված է Իրանի կողմից Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ավիաբազայի հրթիռակոծմամբ:
Ինչպես հաղորդում է alarabiya.net-ը, ամերիկյան իշխանություններն արգելքը սահմանել են Մերձավոր Արևելքում քաղաքական լարվածության աճի և ռազմական գործողությունների կտրուկ ակտիվացման ֆոնին՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը էական ռիսկ է պարունակում ԱՄՆ քաղավիացիայի գործողությունների համար:
Տվյալ արգելքը վերաբերում է Միացյալ Նահանգներում գրանցված բոլոր ավիաընկերություններին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:
«ԻՀՊԿ-ն հաստատում է Իրաքում «Այն ալ-Ասադ» ամերիկյան ավիաբազային տասնյակ հրթիռներով հարված հասցնելը»,- հայտնել է հեռուստաալիքը Twitter-ում՝ ընդգծելով, որ դա վրեժ է ԱՄՆ-ի զինվորականների կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Իրանական Tasnim գործակալությունը հաղորդում է, որ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 35 հրթիռ: Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ բազային ավելի քան 9 հարված է հասցվել:
ԱՄՆ զինվորականներն «Այն ալ-Ասադ» ռազմաբազայում հարվածի հետևանքով չեն տուժել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Իրանն Իրաքում ամերիկյան ռազմակայանները հրթիռակոծել է բալիստիկ հրթիռներով:
«Հունվարի 8-ին՝ ժամը 5:30-ի սահմաններում, Իրանն ավելի քան մեկ տասնյակ բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-ի ռազմաբազաների և Իրաքում կոալիցիայի դեմ: Ակնհայտ է, որ այդ հրթիռներն արձակվել են Իրանից, և դրանց նպատակն է եղել առնվազն երկու իրաքյան ռազմակայանի վրա հրթիռային հարձակում իրականացնելը, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինված ուժերի և կոալիցիայի անձնակազմը: Մենք աշխատում ենք վնասի նախնական գնահատման ուղղությամբ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...