Եթե անձը 1 տարվա ընթացքում 2 անգամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարի, կենթարկվի քրեական պատասխանատվության

Տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրման մասին 7 օրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր անձ, որն ունի վարորդական վկայական, ստանալու է 9 միավոր։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, ապա առավել մանրամասն ներկայացրեց, թե այդ միավորներն ինչ իրավախախտումների համար են հանվելու։

 

Նախ, մեկ տարվա ընթացքում 9 միավորներն սպառելու դեպքում անձի վարորդական իրավունքը կասեցվելու է վեց ամիս ժամկետով։ Դրա կեսը լրանալուց հետո անձն իրավունք կստանա հանձնել միայն տեսական քննություն եւ վերականգնել իր վարելու իրավունքը, իսկ եթե չհանձնի, օրենքի ուժով վարելու իրավունքը կվերականգնվի մեկ տարի անց միայն։

 

Մեկ տարի անց իրավունքը վերադարձնելուց հետո վարորդին կրկին տրվելու է ինը միավոր։ Մեկ տարվա ընթացքում դրանք սպառելու պարագայում նա զրկվելու է իրավունքից մեկ տարի ժամկետով, եւ այս անգամ վեց ամիս անց քննության հնարավորություն այլեւս չի լինելու, եւ մեկ տարի անց անձը պետք է հանձնի ամբողջական քննություն՝ վկայական ստանալու համար։

 

Ինչպես հայտնեց ՃՈ պետի տեղակալը, հնարավորություն կա նաեւ հընթացս վերականգնել որոշակի բալեր, եթե սպառված բալերի մնացորդը հասել է երեք եւ պակասի։ Այս դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել տեսական քննություն եւ ավելացնել իր բալերին եւս երկուսը։

 

Բացի այս՝ ՃՈ ոլորտի մոտ 100 իրավախախտումների տեսակներից տուգանային միավորներ նախատեսվել են 25-ի համար։ Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարմամբ պայմանավորվում են հատկապես ծանր հետեւանքով ՃՏՊ-ներ կամ որոնց հետեւանքով լինում են հապաղումներ, խցանումներ, ծանրաբեռնված երթեւեկություն։

 

Չիլինգարյանն ասաց, որ որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաեւ որպես տուգանք կիրառվող սանկցիաների չափերը։ Մասնավորապես՝ սանկցիաներից 7-ը նվազեցվել են ավելի քան 50 տոկոսով, 9-ը նվազել են 50 տոկոսով եւ եւս 9-ը՝ 50 տոկոսից մի փոքր պակաս չափով։

 

Որոշ իրավախախտումների համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես ներկայումս գործող վարորդական իրավունքից զրկված վիճակում վարելուն ավելացվել է նաեւ իրավունքը կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Եթե անձն սպառել է միավորները, եւ նրա նկատմամբ կայացվել է վարելու իրավունքի կասեցման որոշում ու դրանից հետո նա մեքենա է վարել, ապա կառաջանա քրեական պատասխանատվություն։

 

Քրեական պատասխանատվություն է ենթադրվում նաեւ վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նմանատիպ արարք կատարելու պարագայում․

 

«Եթե անձը չունի վարելու իրավունք, բայց վարել է, առաջին անգամ կենթարկվի վարչական պատասխանատվության: Եթե մեկ տարվա ընթացքում կրկին կկատարի նման արարք, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի»,- պարզաբանեց ՃՈ պետի տեղակալը։

Քաղաքականություն

Պատահարներ