Տուրիստական գործակալության 24-ամյա աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տուրիստական կազմակերպությունների ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվությունից։
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է խարդախությամբ կատարված հափշտակության եւ յուրացման մեխանիզմը: Քրեական գործով տուժող է ճանաչվել տուրիստական կազմակերպություններից մեկը, ինչպես նաեւ`թվով 55 անձ:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1995 թվականին, 2018 թվականի հունվար ամսից մինչեւ նույն թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երեւան քաղաքում գործող տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերի հաստիքը, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ եւ օգտվելով իրեն ընձեռված լիազորություններից, ինչպես կազմակերպության պաշտոնական, այնպես էլ իր կողմից բացված ոչ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կազմակերպության անունից ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային եւ ռեստորանային համալիրներում, որոնց դիմաց կազմակերպությանը դիմած քաղաքացիներից կանխիկ եւ անկանխիկ եղանակով, մաս-մաս ստացված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 9 610 515 ՀՀ դրամ գումարը հանելով ընկերության գույքային ընդհանուր ֆոնդից, յուրացրել է՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։
Բացի այդ, պարզվել է նաեւ, որ 24-ամյա աղջիկը, միաժամանակ զբաղեցնելով Երեւան քաղաքում գործող մեկ այլ տուրիստական ընկերության տնօրենի պաշտոնը եւս, շարունակել է իր հանցավոր գործունեությունը. խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2018 թվականի հոկտեմբերից մինչեւ 2019 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում, տարբեր պետություններ մեկնելու համար ավիատոմսեր ձեռք բերելու, տրանսֆերներ ապահովելու եւ հյուրանոցներ ամրագրելու համար իրեն դիմած թվով 55 քաղաքացիներից խաբեությամբ եւ վստահությունը չարշահելով, խեղաթյուրելով իրականությունը, մոլորության մեջ գցելով նրանց, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 40․526․125 ՀՀ դրամ գումար։
Քննության տվյալներով՝ 24-ամյա աղջիկը, ձեռք է բերել հիշյալ քաղաքացիների վստահությունը եւ առաջարկելով շուկայականից էականորեն տարբերվող էժան գին՝ կնքել է ծառայությունների մատուցման ձեւական պայմանագրեր՝ ի սկզբանե նպատակ ունենալով քաղաքացիներից հափշտակել ավիատոմսեր գնելու, հյուրանոցի վարձավճարը կատարելու եւ տրանսֆերները ապահովելու համար նախատեսված գումարը՝ չկատարելով իր կողմից ստանձնած պարտավորությունները:
Այնուհետեւ խաբեությամբ, այն է` խեղաթյուրելով իրականությունը, ներկայացրել է, թե իբրեւ արդեն իսկ կատարվել են հյուրանոցի, տրանսֆերի եւ ավիատոմսերի ամրագրումները, ինչի դիմաց տուրիստական կազմակերպությունում քաղաքացիներից առձեռն կամ բանկային փոխանցմամբ ստացել ու հափշտակել է տարբեր չափերի գումարներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: