Այս պահի դրությամբ Ստամբուլի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ չկան. Նաղդալյան

Արտաքին գործերի նախարարությունը կապ է հաստատել թուրքական ավիաընկերության հետ եւ հավաստիացել, որ այս պահի դրությամբ Ստամբուլի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ԱԳՆ-ն Թուրքիայում մնացած ՀՀ քաղաքացիներին օգնելու համար:

 

Նշենք, որ թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն էր տարածել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը չվերթները դադարեցնելու մասին: Պատճառը ֆինանսական խնդիրներն են:

 

«Մեզ ասացին նաեւ, որ որոշ քաղաքացիներ համաձայնել են Երեւան վերադառնալ դեկտեմբերի 21-ից սկսած, այսինքն՝ երբ վերականգնվի Ստամբուլ-Երեւան չվերթը,- նշել է Նաղդալյանը»:

 

Նաղդալյանի խոսքով՝ ՀՀ արտաքին գերատեսչությանը, հյուպատոսական ներկայացուցչությանը ՀՀ քաղաքացիներ չեն դիմել՝ որեւէ օժանդակության ակնկալիքով: Նաղդալյանը հորդորեց ԶԼՄ-ներին դիմել ԱԳՆ-ին, եթե նման խնդրով քաղաքացիներ դիմեն իրենց:  

 

Atlas Global ավիաընկերության կողմից բոլոր թռիչքները չեղարկելուց հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Ստամբուլ-Երևան չվերթի մոտ 150 ուղևորներ, որոնք պետք է նոյեմբերի 26–ի լույս 27–ի գիշերը մեկնեին հայրենիք, մնացել են Թուրքիայում: