«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել, միայն թե իր քավոր Հայկ Ղալումյանին Իջևանում քաղաքապետ կարգի

«168 ժամ» թերթը գրում է.

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել, միայն թե իր մտերիմ ընկերոջը, ընտանիքի քավոր դարձած Հայկ Ղալումյանին Իջևանում քաղաքապետ կարգի՝ օժտի նրան մարզպետի բոլոր լծակներով։

 

Օրերս ԱԺ ներկայացված նախագծով իշխանությունն Իջևանը պատրաստվում է դարձնել հեգեմոն համայնք. նրա շուրջ կմիավորվեն Տավուշի 19 համայնքներ և ապա՝ 2020 թվականի մարտի 15-ին նախանշած Իջևանի քաղաքապետի ընտրություններից հետո, մինիմարզպետարան դարձած այս բոլոր համայնքների կենտրոնացված կառավարումը կտրվի Փաշինյանի ընկեր Հայկ Ղալումյանին՝ վարչապետ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապի առավելության շնորհիվ։ Բայց Իջևանում համայնքների խոշորացումը միակ ստրատեգիական քայլը չէ, որ արվում է վարչապետի քավորի քաղաքական ձգտումները բավարարելու համար։ 

 

Պարզվում է՝ այս օրերին իշխանական թևում քննարկվում են Իջևանի ընտրությունները Երևանի մոդելով կազմակերպելու գործընթացի տարբեր սցենարներ։ Իշխանությունը հակված է նրան, որ Իջևանը ևս պիտի ունենա իր մասին օրենքը, ինչպես տարիներ առաջ ընդունվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, որպեսզի այստեղ էլ ՏԻՄ կառավարումն իրականացվի լոկալ, ինչպես որ դա թույլատրված է Երևանի քաղաքապետարանին։ Իսկ դա նշանակում է, որ ՏԻՄ ընտրություններն Իջևանում կանցկացվեն այլ կերպ՝ քաղաքական կուսակցությունների համար հայտարարված ավագանու ընտրություններով, և ըստ այդմ՝ քաղաքապետ կդառնա այն անձը, ով կզբաղեցնի հաղթող կուսակցության առաջին հորիզոնականը։ 

 

Տրամաբանորեն՝ իշխանությունն այս մոտեցմանը գնալու մի քանի լուրջ պատճառ ունի՝ իշխանությունը չթուլացնելու համար ստիպված է վերակենդանացնել հեղափոխական էյֆորիան՝ սկսած հայրենի Իջևանից, որտեղ ծառահատումների հայտնի օպերացիայից հետո ողջ Տավուշում ներքին լարվածությունը չի թուլացել մինչ օրս, մանավանդ, որ բախումների հետևանքով կալանավորված 19 անձանց ազատ արձակումից հետո քրեական գործը չի կարճվել, քննությունն ընթանում է, զուգահեռաբար՝ խոշորացվում են համայնքները՝ դժվարացնելով տավուշցիների կյանքը։ Իշխանությունները կարծում են, որ այսկերպ կարող են շահել իջևանցիների սիրտը, վերականգնել վստահությունը: Իսկ այս տրամադրությունների ֆոնին իշխանությունը սպասելու ժամանակ չունի, դիվիդենտներ են պետք։

 

Թերևս, այդ պատճառով է վարչապետի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը տեղափոխվել Իջևան, փողոցային լամպեր է փոխում, ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկն» է անձամբ վարում՝ ինչ-որ անհայտ բարերարի ֆինանսական միջոցներով (անհայտ է անունը, քանի որ, ըստ կարծիքների՝ իրականում պետական ռեսուրսներ են օգտագործվում)։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Պատահարներ