Դավթյանը կարևորել է ատելության և բռնությունների քարոզի քրեաիրավական գործուն մեխանիզմների ստեղծումը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրիի գլխավորած պատվիրակությանը։

 

Ողջուներով հյուրերին կրկին ՀՀ դատախազություն այցելելու կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ձևավորված հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցության հարուստ փորձը, որը նոր նախաձեռնությունների, համատեղ ծրագրերի իրականացման կարևոր նախապայման է հանդիսանում: Արթուր Դավթյանը նշել է, որ տիկին Գիսլադոտիրի նախորդ այցից հետո անցած 2 տարվա ընթացքում Հայաստանում արմատական զարգացումներ են տեղի ունեցել դատաիրավական ոլորտի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ինստիտուցիոնալ, օրենսդրական և կազմակերպական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որտեղ միջազգային գործընկեր կազմակերպությունների, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի աջակցությունը կարևոր նշանակություն է ունեցել:

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն իր գոհունակությունն է հայտնել ժողովրդավարական և մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի կատարելագործմանն ուղղված համագործակցության նախագծերում ՀՀ դատախազության ներգրավվածության և այն շարունակելու դրսևորվող պատրաստակամության կապակցությամբ: Նա նշել է, որ առկա են նոր հնարավորություններ հատկապես դատախազության կարողությունների զարգացմանը նպաստելու համար:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարի օրենսդրական հիմքերի և իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության բարձրացման, այս համատեքստում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ արդարադատության ակադեմիայի հետ եռակողմ ձևաչափով գործակցությամբ դատախազների վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները:

 

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը ապահովում է բավարար հնարավորություններ և կառուցակարգեր ազգային, կրոնական, ռասսայական խտրականության և ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարում, սակայն հանցավորության դեմ պայքարի գործիքակազմի և իրավական մտքի զարգացմանը զուգահեռ մշտապես արդիական է դատախազների մասնագիտական հմտությունների կատարելագործման, նոր գիտելիքների ձեռքբերման խնդիրը:

 

Արթուր Դավթյանը հավելել է, որ հասարակության բնականոն կենսագործունեության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն է ստանում ամենատարբեր մակարդակներով ատելության և բռնությունների քարոզի քրեաիրավական հակազդման օրենսդրական գործուն, առավել ճկուն կառուցակարգերի ներդրումը, այս հարցում միջազգային փորձի ուսումնասիրումը, որի ուղղությամբ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում:

 

Քննարկվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Արևելյան գործընկերության 6 երկրներում իրականացվող դատախազությունների կարիքների գնահատման ծրագրի ընթացքին, դատախազների գործառույթային անկախության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել առավել ինտենսիվ դարձնել շփումները և տեղեկատվության փոխանակման գործընթացները: